Լոռու և Շիրակի մարզերում գյուղատնտեսական հողերի ոռոգման համար էներգիայի օգտագործումից առաջացած ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, կայուն գյուղատնտեսությանն աջակցելու և ոռոգվող հողատարածքներն ավելացնելու համար պոմպակայանների արդիականացման ծրագիր է մեկնարկում: 1 մլն դոլարով նախատեսվում է Լոռու մարզում գործող «Այրում-Ճոճկան» և «Ճոճկան» երկաստիճան պոմպակայանները և Շիրակի մարզի «Բենիամին» պոմպակայանը էներգաարդյունավետ պոմպերով և ցանցին միացված ֆոտովոլտային կայաններով համալրել:
Վաչե Տերտերյան (ՏԿԵ նախարարի տեղակալ) - Արևային վահանակներ կտեղադրվեն, և կփորձենք այդ պոմպակայանները շահագործել վերականգնվող էներգիայի հաշվին, ինչը կբերի ջրամատակարարման ծախսերի կտրուկ իջեցման, կբերի կլիմայի փոփոխության և էկոլոգիական հարցերի լուծման, և երրորդը` կբերի ջրամատակարարման որակի բարձրացման:
Ծրագիրը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը, իրականացնում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Ծրագրի համակարգողների հաշվարկներով՝ արդիականացումից հետո Շիրակի պոմպակայանում էներգիայի տնտեսումը կհասնի 100 տոկոսի, իսկ Լոռու երկու պոմպակայաններում՝ մինչև 80 տոկոսի:
Արմեն Չիլինգարյան (ծրագրի ղեկավար) - Նշված թիրախ հանդիսացող երեք պոմպակայաններում բավականին մեծ էներգիայի ծախսատարություն կար, և միևնույն ժամանակ դիտարկել ենք հնարավոր այլ լուծումների համար, օրինակ` Լոռու մարզում մենք ունենք երկաստիճան պոմպակայաններ, և այս տեսանկյունից մենք դիտարկում ենք նաև մեկ աստիճան պոմպակայանի անցման գործընթացը։
Ըստ ծրագրի հիմքում ընկած հաշվարկների՝ Լոռու և Շիրակի մարզերում ոռոգման բացակայության պատճառով վարելահողերի մոտ 45 տոկոսը մնում է անմշակ, այդ թվում` բարձր գյուղատնտեսական ներուժ ունեցող տարածքները: Կանխատեսումների համաձայն՝ այս ծրագրից կօգտվի 6000 քաղաքացի՝ հիմնականում ֆերմերներ:
Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Մեկնարկած նոր ծրագիրը կխթանի նորարարական և խելացի ոռոգման համակարգերի ներդրումը, ինչը կազդի ֆերմերների աշխատանքի վրա: Մենք հույս ունենք, որ մեկ տարի հետո ծրագիրը դրական արդյունքներ կգրանցի:
Եթե ծրագիրը հաջողի, ապա առաջիկայում այն կներդրվի նաև մյուս մարզերում:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան