Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է՝ Երևանը և Բաքուն մայիսի 1-4-ը Վաշինգտոնում կայացած քննարկումների ընթացքում առաջընթաց են գրանցել:
«Խաղաղության պայմանագրի շուրջ բավականին ինտենսիվ քննարկումներ են եղել, որոնք հասցեագրել են մի շարք կետեր ու կարևոր պահեր։ Չեմ կարող ասել, թե բոլոր կետերի մասով պայմանավորվածության ենք եկել։ Կողմերը շատ հարցերում բավականին տարբեր դիրքորոշումներ ունեն, սակայն պայմանագրի որոշ կետերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Դեպի առաջ ևս մեկ քայլ ենք արել»,- մանրամասնել է Ջեյհուն Բայրամովը։
Նա նաև հավելել է, որ Բաքուն դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Բրյուսելում մայիսի 14-ին նախատեսված հանդիպումը: «Այն պետք է դիտարկել որպես Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի անբաժանելի մաս»,- ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը։
ՊՈՒՏԻՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
Վլադիմիր Պուտինը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը։ Ըստ ՌԴ նախագահի հրամանագրի՝ 2023 թվականի մայիսի 15-ից 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։ Բացառությամբ դեպքերի, երբ նրանք Դաշնության տարածք կմեկնեն աշխատելու, սովորելու կամ Ռուսաստանում կգտնվեն ավելի քան 90 օր: ՌԴ ԱԳՆ-ն էլ չեղարկել է Վրաստան այցից խուսափելու՝ ռուսաստանցիներին ուղղված հորդորը:
Վրաստանի նախագահն Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է. «Մեր երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և ուղիղ ավիափոխադրումների արգելքի վերացումն անընդունելի է, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացնում է մեր տարածքները: Սա սադրանք է»:
ՌԴ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՍԻՐԻԱՅԻ, ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՌԴ-ՈՒՄ
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը: Սերգեյ Լավրովը, Մևլութ Չավուշօղլուն, Ֆեյսալ Միքդադը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Սիրիայում էսկալացիան հաղթահարելու եղանակները և Դամասկոս-Անկարա հարաբերությունների կարգավորումը:
Բացման ելույթում Լավրովն ընդգծել է, որ դիվանագետների քննարկումների առանցքում է սիրիացի փախստականների անվտանգ վերադարձն իրենց հայրենիք: Ռուս դիվանագետը նաև առաջարկել է Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախագիծ մշակել։
Լավրովը մեղադրել է Վաշինգտոնին Դամասկոսի օրինական իշխանությունների դեմ այսպես կոչված «սիրիական ազատ բանակ» ձևավորելու համար։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը և Սիրիան պայմանավորվել են միասին հակազդել Միացյալ Նահանգների գործողություններին: «Տարածաշրջանի գործերին արտաքին միջամտությունն անթույլատրելի է, հատկապես ռազմական ուժի կիրառմամբ»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:
Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Դամասկոսը ռուս և իրանցի ընկերների միջնորդությամբ պատրաստ է բաց և կառուցողական երկխոսություն վարել Անկարայի հետ, եթե թուրքական կողմը հարգի Սիրիայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ավելի վաղ Չավուշօղլուն զգուշացրել էր՝ Դամասկոս-Անկարա հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում։ Թուրք դիվանագետի խոսքով՝ Թուրքիան ոչ մի պարագայում դուրս չի բերի իր զինված ուժերը Սիրիայի տարածքից:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾԻՆ
Իսրայելի պաշտպանության բանակը երեկվանից հարվածներ է հասցնում Գազայի հատվածին: Այսօր ևս թիրախավորվել են «Իսլամական ջիհադ» ջոկատը և խմբավորման հրթիռային համակարգերը: Al Jazeera-ի տվյալով՝ կան զոհեր և վիրավորներ:
Իսրայելի զինված ուժերից ավելի վաղ հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները սկսել են «Վահան և նետ» գործողությունը, որի շրջանակում խոցվել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման 10 օբյեկտ, որոնք, իսրայելական կողմի պնդմամբ, օգտագործվում են ահաբեկչական նպատակներով: Լրատվամիջոցները հայտնում են, որ ներկա պահին պայթյուններ են լսվում Թել Ավիվում: Նշվում է, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 60 հրթիռ է արձակվել:
Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելի դեմ հարձակումների 95%-ի համար պատասխանատու է Իրանը։ «Մեր պաշտպանության բանակը պատրաստվում է դիմակայության մի քանի ճակատով»,- շեշտել է վարչապետը։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ
Պակիստանում նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Իմրան Խանի ձերբակալությունից հետո երկրում զանգվածային անկարգություններ են, ցուցարարները ներխուժել են մի շարք զորամասերի տարածքներ, այրել իշխող կուսակցության գրասենյակներից մեկը, հարձակվել պատգամավորների տների վրա: Իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, լրատվամիջոցների տվյալով՝ երկու կողմից էլ կան տասնյակ տուժածներ, հաղորդվում է զոհերի մասին: Փենջաբ նահանգում շուրջ 1000 մարդ ձերբակալվել է։ Պակիստանի կառավարությունը ցույցերի ֆոնին սահմանափակել է երկրում մի շարք սոցիալականն հարթակների և հեռուստաընկերությունների հասանելիությունը:
Հիշեցնենք, որ Իմրան Խանին մեղադրում են Պակիստանի պետական գանձարանից արժեքավոր իրեր վաճառելու և վարչապետի պաշտոնում ստացած նվերների մասին չծանուցելու համար։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան