Road control Armenia՝ ճանապարհային իրավախախտումները ֆիքսելու և ոստիկանությանն ուղարկելու համար ստեղծված հավելվածում գրանցվելու կարգը պարզեցվել է: Եթե նախկինում անհրաժեշտ էր նախ համակարգչով կայք մտնել, ակտիվացնել էջը, ընդ որում` նույնականացման քարտով, որի համար հատուկ սարք է անհրաժեշտ, հիմա բավական է միայն հավելվածում լրացնել անձնական տվյալները:
Գործարկումից հետո` 2021-ի հուլիսից մինչև տարեվերջ հավելվածը 18 անձ էր ներբեռնել, գոնե մեկ տեսանյութ կամ լուսանկար ուղարկել նրանցից 5-ը: 121 նյութից կազմվել է 156 իրավախախտման որոշում: 2022-ի ընթացքում, հատկապես պարզեցումից հետո, կտրուկ աճ է գրանցվել. հավելվածը ներբեռնել է 221 անձ: 14.166 ուղարկված նյութերով կազմվել է 7762 արձանագրություն: Այս տարվա սկզբից մինչև ապրիլի 19-ը ներբեռնումների քանակը 392 է, 6814 նյութից 4561 որոշում է կազմվել:
Արման Չիլինգարյան (ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ) - Հաշվի առնելով համադրությունը` ըստ ամիսների, ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ կունենանք ավելի շատ ցուցանիշներ, քան նախորդ` 2022 թվականին:
Միայն հավելվածում գրանցման կանոնների պարզեցումը չէ, որ նպաստել է ավելացմանը: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կարծում է, որ այս տարիների ընթացքում քաղաքացիները համոզվեցին, որ գործընթացը անանուն է. ոչ մեկը չգիտի, թե ով է իր իրավախախտումը արձանագրած քաղաքացին:
Արման Չիլինգարյան - Ասեմ` մեր ակնկալիքը ոչ թե այն է, որ շատ խախտումներ ֆիքսեն, որպեսզի մենք կարողանանք շատ մարդկանց տուգանել, այլ մեր ակնկալիքն այն է, որ այս բջջային հավելվածի գոյությունը՝ միայն այն փաստը, որ մեր քաղաքացիները կարող են արձանագրել մեկ այլ քաղաքացու կողմից կատարված իրավախախտում, այդ փաստը զսպող դեր կհանդիսանա խախտման հակում ունեցող քաղաքացիների վրա, և նրանք չեն կատարի իրավախախտում:
Գնդապետ Չիլինգարյանը հերքեց նաև այն լուրերը, թե ճանապարհային ոստիկանությունը վճարելու է յուրաքանչյուր ֆիքսված իրավախախտման համար: Ինչպես գրանցվել և օգտվել հավելվածից, մանրամասները կան ոստիկանության կայքում և ճանապարհային ոստիկանության ֆեյսբուքյան էջում: