Դպրոցականները միավորներով կգնահատվեն 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած. անբավարար գնահատական չի լինի։ Հանրակրթության չափորոշչով գնահատման նորացված համակարգի պահանջն է: 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումն իրականացվելու է միայն բնութագրման միջոցով, միջին և ավագ դպրոցի աշակերտներինը՝ միավորներով և բնութագրով:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Եթե նախկինում մենք առավել շատ կիրառում էինք միայն միավորային գնահատումը, որն արձանագրում էր հիմնականում այն, թե ինչ երեխան չգիտի, և նրա հետ ուսուցման գործընթացը կազմակերպվում էր այդ չիմացածի պաշարն ավելի շատ լրացնելու վրա, հիմա փոխվում է կոնցեպտուալ մոտեցումը, և մենք փորձում ենք գնահատել, թե ինչ գիտի երեխան, ինչպես է սովորում:
Սվաջյանի խոսքով՝ գնահատման նոր չափանիշները արդեն փորձարկել են Տավուշի դպրոցներում. հաջողված են համարում: Առանձնացվել է գնահատման երեք տեսակ՝ հայտորոշիչ, որը կիսամյակների սկզբում կօգնի բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, ձևավորող, որի միջոցով ուսուցիչները կտեղեկանան ուսուցման գործընթացի ընթացքում սովորողի ձեռքբերումների և բացթողումների մասին, և ամփոփիչ, որի նպատակն է պարզել, թե կիսամյակի վերջում աշակերտը ինչ է յուրացրել, և ինչն է բաց մնացել:
Կրթության փորձագետը նշում է՝ գնահատման նորացված չափանիշները ճիշտ կիրառելու դեպքում դրական ազդեցություն կունենան կրթության որակի վրա՝ հատկապես, որ թվանշանային գնահատումը վաղուց հնացել է և չունի խթանող բնույթ:
Արա Աթայան (կրթության փորձագետ) - Որպես ազդեցություն դպրոցի մթնոլորտի, կլիմայի վրա` դա անմիջապես կնկատվի, որովհետև այդ սթրեսային ֆոնը, որը կապված է թվանշանի հետ, կվերանա: Այդ առումով տարբերությունը շատ արագ կնկատվի: Բայց որպես մարդկանց զարգացման մեջ գործոն` դրա արդյունքը կերևա տասը-տասնհինգ տարի հետո, երբ այն երեխաները, որոնք հիմա առաջին դասարաններում են, կավարտեն դպրոցը:
Ոլորտի ներկայացուցիչներն ընդգծում են՝ գործընթացի հաջողման կարևոր նախադրյալ է, որ ուսուցիչը ճիշտ պատկերացնի՝ ինչ է բնութագրումը, և կարողանա իրականացնել այդ աշխատանքը:
Նախարարությունից տեղեկացնում են՝ ուսուցիչների ծանրաբեռնվածությունը վերանայվել է, դրույքաչափի մեջ ավելացել են ժամեր՝ գնահատման գործընթացն իրականացնելու համար: Նոր չափանիշներին ծանոթանալու համար մյուս ամսվանից ուսուցիչներն արդեն սկսելու են վերապատրաստումները:
152 հիմնական դպրոցի տնօրենի խոսքով՝ փոփոխություններում ամենակարևորն այն է, որ սովորողի չիմացածի կամ դժվարությունների փոխարեն երեխայի յուրաքանչյուր քայլը այսուհետ համարվելու է առաջընթաց:
Ժաննա Հարությունյան (Երևանի 152 հիմնական դպրոցի տնօրեն) - Ամենակարևորը` գիտակցությունը բարձրացնել ծնողի մոտ, սովորողի մոտ, ինչու չէ` նաև ուսուցիչների, որովհետև իրենք էլ շատ հաճախ չեն պատկերացնում, որ գիտելիքն ու առաջադիմությունը և այն ստացածն է կարևոր, որ դու վերցնում ես դպրոցից, ոչ թե այսքան չափի համար դու գնահատվում ես:
Սեպտեմբերից գնահատման նոր չափանիշները կգործեն Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում և հանրապետության հանրակրթական մյուս դպրոցների 2,5,7,10 դասարաններում: 2024-2025 ուստարում նոր համակարգը կներդրվի արդեն բոլոր դպրոցների 3,6,8,11 դասարաններում, իսկ 2025-2026 ուստարում՝ համապատասխանաբար բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ դասարաններում:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան