Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին և բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ողջունելով հյուրերին՝ շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Սիմիդյանը ևս մեկ անգամ անդրադարձել է շրջակա միջավայրի ոլորտում հայ-գերմանական համագործակցությանը և մասնավորապես Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) և Շրջակա միջավայրի նախարարության երկարամյա արդյունավետ փոխգործակցությանը։
Նախարարը ամփոփել է նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրական գնահատել առաջընթացը։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկին (KfW)՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի համար կարևոր այս ծրագրի համար։ Մեր ծրագրերն ավելի դինամիկ պետք է դարձնել, դրա համար առկա են բոլոր պայմանները և ձևավորված են համագործակցային հարաբերություններ։ Հուսամ՝ ծրագիրը կծառայի իր նպատակին, և մոտ ապագայում մենք ունենանք տեսանելի արդյունքներ»,- նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 26 մլն եվրո, որը տրամադրվել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW-ի միջոցով: Առաջիկայում սպասվում է պայմանագրի ստորագրում, որն էլ հիմք կծառայի ծրագրի մեկնարկին։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, որը հանդիսանում է ծրագրի համակարգողը, ներկայացրել է պայմանագրի ստորագրման ընթացիկ աշխատանքները։
Նախարար Հակոբ Սիմիդյանը առանձնացրել է այն առաջնահերթ ուղղությունները, որոնց վրա պետք է կենտրոնանալ մեկնարկից հետո, մասնավորապես՝ բուսական և կենդանական աշխարհի հաշվառման բաղադրիչը։ Նախարարը նշել է, որ իրականացվող բարեփոխումներն ու միջոցառումներն արդյունավետ կյանքի կոչելու համար նախարարությունը խիստ կարիք ունի ճշգրիտ տվյալների։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ծրագրերն առաջ մղելու և շրջակա միջավայրի կայուն կառավարմանը նպաստելու պատրաստակամությունը։