2023 թ. մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ «Ճամբարակ» տեղամասում իրականացվող ծառայության ընթացքում 2023 թ․ մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21-ի փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, և զգուշացրել են հեռացնել այն։ Դրանից հետո ստուգելու նպատակով Գ. Նժդեհի փողոցում պարեկային ծառայողները կանգնեցրել են նշված ավտոմեքենան, և պարզվել է, որ վարորդն իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի և ուղևորի գլխավորությամբ մոտ 20-25 անձինք սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկային ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի։
Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մայիսի 5-ին առերևույթ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են նշված ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, 40-ամյա ուղևորը և 29-ամյա մեկ քաղաքացի, որոնք հանդիսանում են Ճամբարակ քաղաքի բնակիչներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: