Եթե մարդը ապստամբություն է նախապատրաստում Հայաստանում, դրա մեջ հանցակազմ կա՞, թե՞ դա իր իրավունքն է: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ պետական իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը Գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո են։
Աննա Վարդապետյանը նաև հիշեցրեց, որ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են Քրեական օրենսգրքով։
«Հետևում ենք տեղեկատվական հոսքերին և՛ սոցիալական կայքերում, և՛ մամուլում։ Եվ այն դեպքերը, որոնք առերևույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք և իշխանության զավթման ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։
Վերջին ամիսներին կարծես թե ակտիվացել է երևույթը, և մենք, օգտվելով Քրեական օրենսգրքի կարգավորումներից, վարույթների շրջանակում փորձում ենք զսպել այն, և, ինչու չէ, նաև պատժել»,- ասաց գլխավոր դատախազը։