5 հետազոտություն կրթության ոլորտում. ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍՆ-ի և Ասիական զարգացման բանկի հետ գործակցությամբ ուսումնասիրել է Հայաստանի կրթական համակարգը: Ուսումնասիրության հիմքում նախադպրոցական ու դպրոցական կրթությունն է՝ ուսուցիչների կառավարման հմտություններից մինչև դասարանային գնահատման կարողություններ:
Ալվարդ Պողոսյան (ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար) - Նպատակն էր վեր հանել այն խնդիրները, որոնք կան կրթության ոլորտում, ուսումնասիրել միջազգային փորձը և այդ ուսումնասիրությունների հիման վրա առաջարկություններ ներկայացնել նախարարությանը, որպեսզի ավելի փաստահենք և հետազոտահեն լինեն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Համեմատել են գնահատման հին համակարգը նոր չափորոշիչներով առաջարկվող և ներկայումս Տավուշի մարզում փորձարկվող համակարգի հետ: Վերլուծել են նախադպրոցական կրթական հաստատություններում ուսուցման մեթոդները և արձանագրել, որ չնայած կարևորվել էր խաղային ձևով ուսուցման կազմակերպումը, հետազոտությունը փաստեց՝ վաղ մանկության տարիքում խաղի և ուսումնառության համադրման խնդիր է առաջանում: Առաջարկել են նաև նախադպրոցական կրթության զարգացման համար վերափոխել ոլորտի պլանավորումն ու ֆինանսավորումը:
Արաքսիա Սվաջյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մենք սպասում էինք այդ հետազոտության արդյունքներին, որովհետև դա, մի կողմից, հնարավորություն էր տալիս կողքի աչքով գնահատել և ունենալ որոշակի պատկեր, թե այս կամ այն գործընթացի կամ որևիցե գործընթացի այս կամ այն բաղադրիչի իրականացման ուղղությամբ անկախ փորձագիտական խումբը ինչ գնահատական է տվել, և դրա զարգացման ուղղությամբ ինչպիսի առաջարկություններ է տվել, բայց, մյուս կողմից, ընդհանուր առմամբ բոլոր հետազոտությունների ընթացքում վեր հանված խնդիրները նաև տեղ են գտել կրթության զարգացման ծրագրում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ոչ միայն գյուղերում, այլ նաև քաղաքներում ավելանում է ուսուցիչների և դաստիարակների պակասը:
Ալվարդ Պողոսյան - Մենք ունենք 200-ից ավելի համայնքներ, որտեղ ընդհանրապես չկան նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ երբ փորձում ենք ստեղծել այդպիսի հաստատություններ, ապա գտնել դաստիարակներ, որոնք համապատասխանում են չափանիշներին, որոնք սահմանված են, օրինակ, նախադպրոցական կրթության մասին օրենքով, ապա դժվարանում ենք գտնել այդպիսի մասնագետների:
Բացի դրանից՝ փոխնախարարի խոսքով, ներկայումս կան մեծ թվով ուսուցիչներ, որոնք առաջիկա տարիներին կենսաթոշակի են անցնելու, և ենթադրվում է, որ այս բացը ավելի է մեծանալու:
Արաքսիա Սվաջյան - Ծրագրեր են իրականացվում, որոնք հնարավորություն կտան ոչ ուսուցիչներին, ստանալով մանկավարժական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, մտնել հանրակրթության ոլորտ:
Սվաջյանը նշում է՝ բուհերում երկակի որակավորումների շնորհումը ևս կնպաստի Հայաստանում ուսուցիչների բացը լրացնելուն: Օրինակ՝ այս տարվանից Մանկավարժական համալսարանում ներդրվում են ծրագրեր, որոնք հնարավորություն են տալու ստանալ երկու առարկայի ուսուցչի որակավորում, ինչը կնպաստի հատկապես փոքր թվակազմ ունեցող դպրոցներում դասավանդել մի քանի առարկա՝ լրացնելով ուսուցիչների բացը: Գործընթացը նաև կապահովի դրույքաչափի ավելացման և համապատասխան վարձատրության հնարավորություն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան