Շրջիկ առևտրի ավելի պատշաճ կազմակերպում Հայաստանի բոլոր համայնքներում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է շրջիկ առևտրի կարգավորման համար իրավական ակտեր սահմանել Երևանից բացի նաև այլ համայնքներում: Նախաձեռնությունը Գյումրու համայնքապետարանինն է։
Աշոտ Գիլոյան (ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - Շրջիկ առևտուրը կար, բայց կանոնակարգված չէր, ով որտեղ ուզում էր, ինչ ուզում էր՝ վաճառում էր: Համայնքների համար էդ իրավական կարգավումները չկային, համայնքները էդ սահմանափակումները չէին կարող դնել, որովհետև դա միայն Երևանի վրա էր տարածվում: Հիմա մենք դա տարածում ենք նաև համայնքների վրա, որ համայնքները կարողանան վարչարարություն իրականացնել:
Աշոտ Գիլոյանի խոսքով՝ շրջիկ առևտրի կանոնակարգման խնդիր հիմնականում ունեն խոշոր համայնքները, որտեղ վերջին շրջանում զբոսաշրջիկների մեծ հոսքը ավելացրել է առևտրի ծավալները: Շրջանառվող նախագծի ընդունման դեպքում՝ յուրաքանչյուր համայնքում ավագանու որոշմամբ սահմանվելու են շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, ժամկետները, պայմանները, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները: Շրջիկ առևտուրը պետք չէ շփոթել փողոցային առևտրի հետ: Շրջիկի դեպքում որպես առևտրի կետ են ծառայում համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակները, մոտոկրպակները: Կան 21 ապրանք և 5 ծառայություն, որը չի թույլատրվում մատուցել շրջիկ առևտրի կետերում, այդ թվում՝ գյուղատնտեսական և կենցաղային ապրանքների, դեղորայքի վաճառք, կոսմետիկ, հյուրանոցային և մերսման ծառայություններ: Համայնքային տեսուչները խախտումների դեպքում իրավունք են ունենալու շրջիկ առևտրի կետ հանդիսացող տրանսպորտային միջոցը տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք:
Աշոտ Գիլոյան - Ամբողջովին համայնքի վրա է դրված, ու վարչական իրավախախտումներով էլ տուգանքներ են նշանակված: Առաջին անգամ, երբ համայնքային տեսուչը հայտնաբերի, կարող է տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով, երկրորդ անգամ կրկնելու դեպքում՝ 500-ապատիկ:
Շրջիկ առևտրի կարգավորման մասին օրենքը Երևանում գործում է 2021-ից: Ըստ քաղաքապետարանի՝ օրենքի շնորհիվ Երևանի բնակիչներն ու զբոսաշրջիկները շրջիկ առևտրի կետերից ավելի որակյալ ծառայություններ են ստանում: Ապօրինի աշխատելու համար շրջիկ առևտրի 111 կետ արդեն տարհանվել է:
Հովիկ Սաֆարյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ) - Երևանում սահմանվեց 52 առևտրի կետ՝ թույլատրելի առևտրի համար՝ շրջիկ կետերի համար, իսկ մնացած այլ վայրերում ինքնագլուխ կայանելը և առևտուր կազմակերպելը արգելվեցին:
Չնայած սահմանափակումներին և օրենքով սահմանված, բայց երբեմն ոչ նպաստավոր տեղերի առկայությանը՝ շրջիկ առևտրի կետերի տնտեսվարողներն օրենքից գոհ են: Ասում են՝ օրենքից դուրս աշխատող կետերն անհավասար մրցակցություն էին ստեղծում:
Ալիկ Սիմոնյան (տնտեսվարող) - Կանոնակարգելուց հետո շուկան ավելի մաքրվել ա, ու շուկայում ավելի կարգավորված վիճակ ա: Տեղն ամրագրում ես, գնում ես, թույլատրված տեղերի մասին ա խոսքը, ամրագրում, գնում աշխատում ես:
Երևանում շրջիկ առևտրի կետերի ամրագրումը կատարվում է էլեկտրոնային տարբերակով: Օրենքի ընդունումից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է մյուս համայնքներում աշխատանքի կանոնակարգումը ևս թվայնացնել:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան