Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 15-րդ տարելիցը։ Վարչապետը, Հանրապետության նախագահը, ԱԺ նախագահը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, մարտի 1-ի զոհերի հարազատներ մասնակցել են զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: «Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն՝ տարբեր պատճառներով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի: Մեծ խնդիրներից մեկն է, որ նաև քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է՝ նախաքննությունը 2008 թվականի մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որպեսզի բացահայտումը դժվար լինի կամ անհնար դառնա:
Այդ տարածքից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխարինվել են այլ պարկուճներով։ Իմ դիրքորոշումն այն է, որ պետք է հասնել մարտի 1-ի հանցագործության լիարժեք և ամբողջական բացահայտմանը․ դա օրակարգից դուրս չի եկել։ Երբ ասում եմ՝ մարտի 1-ը բացահայտված է, նկատի ունեմ՝ քայլերի ինչ հերթականություն է եղել։ Այն, որ մարտի 1-ը բացահայտված է առնվազն մինչև կատարողների մակարդակ, այսինքն՝ բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները, թե ոնց են աշխատել, իհարկե, բացահայտված է։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան