ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 թ. մասնակիցներն ամփոփել են իրենց գործունեության առաջին 6 ամիսների արդյունքները: Այժմ 48 մասնագետներ աշխատում են Հայաստանի և Արցախի 24 գերատեսչությունում:
Հանդիպման սկզբում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ ծրագիրն արդեն 3-րդ տարին արդյունավետորեն իրականացվում է՝ հնարավորություն ընձեռելով սփյուռքի մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալ հայրենիքի պետականաշինության գործում:
«Տեսնելով մինչ այս ունեցած հաջողությունները, իրականացված տասնյակ ծրագրերը՝ մենք հավատարիմ ենք մնում այն գաղափարին, որ Սփյուռքը գնալով ավելի լայն ներգրավվածություն պետք է ունենա Հայաստանի կառավարման օղակներում»,- շեշտել է Զարեհ Սինանյանը:
Նա ընդգծել է նաև, որ նախորդ տարիներին հայրենադարձված մասնակիցները մեծաթիվ են, և հույս է հայտնել, որ «իԳործ» 2022-ի մասնագետները ևս Հայաստանը կդիտարկեն որպես իրենց բնակության և աշխատանքի մշտական վայր:
Այնուհետ ծրագրի մասնակիցները խոսել են իրենց նախաձեռնությունների, նոր ծրագրերի, խնդիրների և հնարավորությունների մասին: