Ինչո՞ւ շատ քաղաքացիներ պոլիկլինիկաների ծառայություններից չեն օգտվում, և ի՞նչ խնդիրներ կան այս բուժհաստատություններում, որ դժգոհության պատճառ են դառնում: Բողոքներն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը:
Յակով Ասատրյան (Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար) - Տասնամյակներ շարունակ վստահությունը կորել է պոլիկլինիկաների նկատմամբ, հիմնականում մեր քաղաքացիները շրջանցել են այդ օղակը, ու կարծիք է ձևավորվել, որ պոլիկլինիկաները անվճարունակ շահառուների համար է... Մենք մեր քայլերով փորձելու ենք հետ բերել քաղաքացիների վստահությունը:
Քաղաքացին պոլիկլինիկա դիմելիս նորմալ շենքային պայմաններ ու որակյալ բուժանձնակազմ է ակնկալում, ինչպես նաև մինիմալ բուժտեխնիկայի հագեցվածություն, որ կարիք չունենա այլ հիվանդանոցներում հետազոտություններ անցնել: Ասատրյանը նշում է՝ նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկել են 2 պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները: Շինարարությունը 900 մլն դրամ կարժենա. ավարտը նախատեսվում է այս տարվա 3-րդ եռամսյակում:
Յակով Ասատրյան - Մեկը թիվ 12 պոլիկլինիկան է Ավանում, և թիվ 4-ի Նորք-Մարաշի մասնաճյուղը: Ունենք նաև կազմակերպություններ, օրինակ՝ թիվ 11-ը՝ Քոչարի փողոցում գտնվող. ընթացիկ շինարարական աշխատանքներն են սկսվելու, մեկնարկը մոտ ժամանակները կտրվի: 300 մլն դրամ է հատկացվել: Հաջորդը կլինի թիվ 8 պոլիկլինիկայի մասնաճյուղը:
Առաջիկայում նախատեսվում է ևս 6 պոլիկլինիկայի վերանորոգում. միջոցներն այս դեպքում կտրամադրվեն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում:
Յակով Ասատրյան - Կարծում ենք, որ ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում ևս աշխատանքները կմեկնարկեն, որից 2-ը գուցեև վերակառուցվեն: Դրանցից են Նորագավիթի ու Արշակունյացի պոլիկլինիկաները:
Վատ պայմաններում դժվար է լավ բուժանձնակազմ հավաքել ու ակնկալել որակյալ ծառայություն՝ ասում է Յակով Ասատրյանը, վստահեցնում՝ այդ խնդիրը ևս լուծվում է: Բոլոր կլինիկաները համալրվում են նոր բարձրակարգ մասնագետներով: Նախատեսվում է նաև յուրաքանչյուր ամիս մայրաքաղաքի գլխավոր մասնագետներին հրավիրել պոլիկլինիկա ու խորհրդատվության օր հայտարարել, ինչի համար քաղաքացիները նախապես կհերթագրվեն ու կստանան անհրաժեշտ հարցերի պատասխանը: Սա լրացուցիչ խթան կդառնա այստեղ ծառայություններից օգտվելու համար: Անհրաժեշտ բուժսարքավորումների մի մասը պոլիկլինիկաներին կտրվի արդեն այս ամիս:
Յակով Ասատրյան - Մենք ձեռք ենք բերել 28 անվանում բուժսարքավորումներ, որոնցից 7-ը ռենտգեններ էին. 1-ը՝ ստացիոնար ռենտգեն, և 7-ը՝ շարժական թվային ռենտգեն: Մենք ապահովում ենք ռենտգեն կաբինետների առկայությունը, այսինքն՝ քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա ուղեգրվել մեկ այլ կլինիկա:
Ի դեպ՝ փոփոխություն կա նաև ուղեգրերի տրամադրման գործընթացում: Եթե նախկինում Երևանի բնակիչներին ԿՏ, ՄՌՏ, Մամոգրաֆիա և Կորոնարոգրաֆիա ծառայությունների համար տարեկան տրվում էր 100-ական ուղեգիր, 2023-ին կտրամադվի ևս 100 ուղեգիր՝ արդեն ստենդավորման համար: