Երևանի քաղաքապետարանը մշակում է ճանապարհաշինության ծրագրերի նոր քաղաքականություն: Այսուհետև մայրաքաղաքի ճանապարհները կառուցվելու, վերակառուցվելու և նորոգվելու են բացառապես քաղաքաշինական նորմերին համապատասխան նախագծերով: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը հստակեցնում է՝ զարգացող Երևանին օր առաջ պետք է զարգացող շինարարություն, ոչ թե տեղային խնդիրների լուծում: Մասնագետի խոսքով՝ Երևանը 3 տասնյակ տարիներ ունեցել է ճանապարհների նորոգում՝ առանց նախագիծ մշակելու, առանց փորձաքննության, առանց նեղ մասնագիտական ուսումնասիրության. ժամանակ առ ժամանակ ասֆալտի շերտը պարզապես փոխվել է՝ առանց ենթակառուցվածքների առանձնահատկությունները հաշվի առնելու:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Կան ճանապարհներ, որոնք ջրագծերի, ոռոգման գծերի, ենթակառուցվածքների փոփոխության արդյունքում, ինչքան էլ մենք ծավալային ասֆալտի շերտը քանդենք ու նորից դնենք, հարցը չենք լուծում, էնպես չի, որ քաղաքացիները չեն տեսնում, ու բոլորի համար ակներև է, որ այդ աշխատանքը չի ապահովում այն արդյունքը, որ բոլորը կուզեն տեսնել:
Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ չուսումնասիրված աշխատանքի հետևանքով է, որ ասֆալտապատումներից հետո շատ արագ իջվածքներ էին առաջանում, փոսեր գոյանում: Նախագծումը հնարավորություն կտա ճշգրիտ պատկերացում կազմել կոյուղային ցանցի, ճանապարհի ստորին շերտերում առկա ենթակառուցվածքների մասին, այդպիսով ճանապահի նորոգումը հնարավոր կլինի կազմակերպել այնպես, որ ասֆալտապատումից ամիսներ անց նոր շերտը չքայքայվի հին, ստորգետնյա խնդիրների պատճառով:
Այս տարի մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը քաղաքապետարանից ստացել է առաջադրանք՝ վարչական 12 շրջանի ընթացիկ նորոգման կարիք ունեցող ճանապարհները առանձնացնել և դրանց համար կազմել նախագծեր:
Խորեն Գրիգորյան - Տվյալ ճանապարհի տակ կան ենթակառուցվածներ, կամ որ ասֆալտի վրա ասֆալտ ենք անում, դա քաղաքային ենթակառուցվածքներին արդյոք ավելի վնաս չէ՞, և օգո՞ւտ է տալիս, այսինքն` այդ հարցերի պատասխանները... Մենք վարչարարներ ենք, նախագծողներ չենք, որ այդ հարցերին լուծում տանք, մենք միայն կարողանում էինք այդ ծավալները ասֆալտի հատկացնել տվյալ վարչական շրջանին:
Նախագծերի առկայությամբ ճանապարհաշինության մրցույթն արդեն հայտարարվել է 5 վարչական շրջանների՝ Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթունի համար:
Բոլոր վարչական շրջանների համար այս տարի պատրաստ կլինի 200 կմ ճանապարհի նորոգման նախագիծ: Ի դեպ, այս տարի իրականացվելու է նաև Երևանում առկա գրունտային ճանապարհների ասֆալտապատում: