Հարգելի՛ քաղաքացիներ, ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է նոյեմբերի 15-ից և շարունակվում է մինչև մարտի 31-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն այդ ժամանակահատվածում սկսում է 24-ժամյա ձմեռային հերթապահություն: Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։
Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7 С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օտագործվում է ավազ և խարամ, որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։
Հետևելով եղանակային կանխատեսումներին՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն հնարավոր չէ որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի-որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալվել։
Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի դրանից՝ բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։
Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով ավելի արագ և դյուրին կիրականացվեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական կայքին (
https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին։