Դատախազությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ, որդիների ու փոխկապակցված այլ անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ներկայացված հայցում ցանկանում է պահանջներ փոխել: Դատական նիստի ընթացքում հայցվորը այդ փոփոխությունները թույլատրելու միջնորդություն ներկայացրեց:
Գևորգ Քոչարյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Սուրիկ Խաչատրյանից և Լորետա Մուշեղի Բարսեղյանից, հօգուտ ՀՀ-ի, բռնագանձել քաղաք Երևան, Այասի փողոց 10/1 հասցեով գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 176 միլիոն 167 հազար 500 ՀՀ դրամ: Նախկինում ներկայացված է եղել նույն հասցեում գույքի 99.25 տոկոսը, այսինքն՝ փոփոխությունը տվյալ դեպքում այն է, որ փոփոխված տարբերակում չկա նշած գույքի տոկոս, և նշված է անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքի բռնագանձման արժեքը:
Հայցվորը պահանջում է Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել նաև ավելի քան 3 մլրդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ:
Բացի այդ, դատախազությունը Խաչատրյաններից պահանջում է բռնագանձել Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 946 միլիոն 320 հազար դրամ, «Գեղի գոլդ» ընկերության 100 տոկոս բաժնեմասը, օտարերկրյա 10 մլրդ 280 միլիոն դրամ ներդրման 100 տոկոսը, Խաչատրյանի` Տերյան հասցեում գտնվող բնակարանը, անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 165 միլիոն 422 հազար 500 դրամ:
Գևորգ Քոչարյան - Տիգրան Սուրիկի Խաչատրյանից՝ հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Սուրիկ Խաչատրյանին պատկանող քաղաք Գորիսի Մալինցով-Խաչատուր թիվ 5 հասցեում գույքը, իսկ անհնարինության դեպքում Սուրիկ խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը` 77 միլիոն 367 հազար 500 դրամ: Նախկինում դատախազությունը դատարանին խնդրել էր որոշել տվյալ գույքի ապօրինի ծագում ունեցող բաժինը, ճանաչել նրա նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը, այս միտքը առհասարակ դուրս է եկել:
Սյունիքի նախկին մարզպետի որդուց՝ Տրդատ Խաչատրյանից, դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Ուլնեցու մեկ այլ հասցեում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը՝ մոտ 131 միլիոն դրամ:
Գևորգ Քոչարյան - Փոփոխված հայցադիմումով անհնարինության դեպքում դատախազությունը խնդրում է Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել շուկայական արժեքը, խոսքը այն գույքերի մասին է, որոնք գրանցված են այլ անձանց անուններով, բայց դատախազության դիրքորոշման համաձայն՝ պատկանում են Սուրիկ Խաչատրյանին:
Դատախազի խոսքով՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սուրիկ Խաչատրյանը մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց տվել է փոխառություններ, որոնց վերադարձի մասին տվյալներ չեն ստացվել: Դատախազությունը համոզված է, որ դրանք ապօրինի ծագմամբ գումարներ են, և դատարանից պահանջում է փոխառությունների ստացման իրավունք: Սուրիկ Խաչատրյանից պարտք վերցրածների ցանկում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ 40 միլիոն դրամ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ 3 միլիոն 350 հազար դրամ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը՝ 10 միլիոն դրամ:
Խաչատրյանների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը առարկեց միջնորդության դեմ:
Վահագն Գրիգորյան (պատասխանողի ներկայացուցիչ) - Սկզբնապես ներկայացված հայցի առարկայի և միջնորդության մեջ ներկայացված նոր հայցի առարկայի համադրումից ակնհայտ է, որ իրավասու մարմնի կողմից փորձ է կատարվում փոփոխել հայցի առարկան՝ պահանջների չափը ավելացնելու միջոցով:
Փաստաբանի կարծիքով՝ հայցի պահանջների փոփոխության միջնորդությունը կասկածի տակ է դնում նաև դատախազության հետազոտության արժանահավատությունը:
Վահագն Գրիգորյան - Կարծում եմ՝ «կամ... կամ» հայցադիմում ներկայացնելն ընդամենը թույլատրելի չէ, քանի որ «կամ... կամ»-ով վճիռ չի կարող կայացվել, ըստ այդմ` դատախազությունը ինքը պետք է կողմնորոշվեր, թե որևէ գույքի բռնագանձումը հնարավո՞ր է, թե՞ անհնարին, և ըստ այդմ ներկայացներ հստակ պահանջ:
Դատախազը մինչդեռ հակադարձեց՝ միջնորդությունը ոչ թե «կամ... կամ»- ով է ներկայացված, այլ հաշվի է առնված նաև այն սցենարը, որով հնարավոր չի լինի բռնագանձել գույքը: Այդ դեպքում դատախազությունը կպահանջի գույքի արժեքին համապատասխան գումար, ու հենց այդ հաշվարկն են ներկայացրել: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 3-ին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան