Արտադպրոցական կրթական հաստատությունների մարզիչներն ու ուսուցիչները հնարավորություն կունենան անցնել կամավոր ատեստավորում և ստանալ հավելավճար: Կառավարության հեղինակած օրենքի նախագիծն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Ատեստավորման արդյունքում 70-79% արդյունք ունեցողները կստանան հավելավճար, հարկերը ներառյալ, 80 600 դրամի չափով, որը նշանակում է, որ մաքուր հավելավճարը կլինի 60 հազար դրամ, 111 500 դրամ՝ 80-89 տոկոսի պարագայում, որը նշանակում է, որ մաքուր հավելավճարը կլինի 80 հազար դրամ: Եվ 90-100 տոկոս արդյունքի պարագայում՝ 138 300 դրամ, որը նշանակում է, որ ընդհանուր հավելավճարը կլինի 100 հազար դրամ:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում Ժաննա Անդրեասյանը հայտնեց՝ ատեստավորման գործընթացը նախատեսվում է սկսել այս տարվանից, իրականացնել փուլային սկզբունքով:
Ժաննա Անդրեասյան - Առաջին փուլով կմասնակցեն մարզադպրոցներից հետևյալ չորս ձևերի մարզիչները՝ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաև ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժները: Նաև արվեստի ու երաժշտական դպրոցների դաշնամուրի ու երաժշտության տեսության դասատուները: Երաժշտության տեսությունը ներառում է երկու առարկա՝ սոլֆեջիոն և երաժշտական գրականությունը:
ԲԱՆԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՂ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Նախարարության առաջարկած այլ օրինագծով էլ նախատեսվում է բանակային խաղերն ընդգրկել պետական պարգևներ ստացող մարզաձևերի ցանկում:
Կարեն Գիլոյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բանակային խաղերը, որ այդքան մեծ հեղինակություն ունեն ու այդքան մեծ մասսայականություն ունեն աշխարհում, պետք է մեզ մոտ հավուր պատշաճի գնահատվեն ու հավասարեցվեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին՝ պարգևատրման առումով, որ մեր ուժեղագույն մասնակիցները շահագրգռված լինեն մասնակցել այդ խաղերին ու բարձր պահեն մեր երկրի պատիվը:
Նախագծի քննարկման ընթացքում փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հանձնարարական են ստացել Հայաստանում անցկացնել բանակային խաղեր: Այդ նպատակով խորհրդակցություններ են անցկացրել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Կարեն Գիլոյան - Դրանք մասսայական բնույթ են ունենալու, պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցություն չի լինելու, մասնակցելու են միայն այդ կառույցների աշխատակիցները: Սա միտված է մարտունակության բարձրացմանը, մարզավիճակի բարելավմանը:
Հանձնաժողովը ներկայացված նախագծերին տվեց դրական եզրակացություն: Դրանք կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան