«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ԵԱՀԿ խորհրդի հատուկ նիստին ինչ արձագանքներ են ստացել նախարարի ներկայացրած դիրքորոշումները:
«Երեկ ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել խորհրդի հատուկ նիստ մեր նախաձեռնությամբ, մեր խնդրանքով, և այդտեղ նախ ես եմ հանդես եկել զեկուցմամբ՝ ելույթով, և ապա նաև մյուս անդամ երկրները կամ կազմակերպություններն են դիրքորոշում արտահայտել: Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով, և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ:
Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ, և այդ ելույթներից ակնհայտ է առնվազն, որ միջազգային հանրությունը բավական հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ, այդ թվում և՝ ո՛ւմ կողմից ինչ է խախտվել, այդ թվում և՝ ո՛ւմ կողմից ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ կան, որ խախտվել են, ովքեր են խախտել և ինչպիսի պարտավորություններ կան, որ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում: Հստակ գիտակցում կա, և ոչ միայն ԵԱՀԿ-ում. դուք դա կարող եք տեսնել նաև առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներում: Այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու:
Անդրադառնալով ՄԱԿ-ում տարվող աշխատանքներին և հարթակից ունեցած ակնկալիքներին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ փաստաթուղթ էր շրջանառվում. դա պետք է լիներ ՄԱԿ-ի ԱԽ նախագահողի հայտարարություն:
«Ցավոք, այն հնարավոր չեղավ ընդունել առանձին երկրների, երբեմն նաև՝ բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց աշխատանքները շարունակվում են, ՄԱԿ-ի ԱԽ-ն կարևորագույն հարթակ է, և մենք այդտեղ աշխատանքները կշարունակենք»,- նշեց ԱԳ նախարարը: