Նոր ուսումնական տարին աշակերտները կսկսեն նոր դասագրքերով՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչներին համապատասխան: Այդ նպատակով հայտարարվել է մրցույթ, առայժմ` միայն 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների համար, քանի որ չափորոշիչները Տավուշի մարզում փորձարկվել են հենց այս մակարդակում: Բայց քննարկումների արդյունքում դասագրքերի ստեղծման կարգում տեղի են ունեցել փոփոխություններ, և մրցույթին դիմելու վերջնաժամկետն էլ երկարաձգվել է մարտից ապրիլ: Եթե սկզբում նախատեսվում էր, որ դասագրքերի ստեղծման և տպագրության համար կանցկացվի մեկ մրցույթ, հիմա այդ գործընթացները տարանջատվել են: Նախ՝ դասագրքի մրցույթ կլինի, հետո՝ ընտրված դասագիրքը հրատարակելու:
Արսեն Բաղդասարյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - Նախ` մրցակցային դաշտն է ավելի բացվում: Ցանկացած ոլորտում, եթե կա մրցակցություն, դա նաև որակի վրա է անդրադառնում: Եվ ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձինք կարող են մասնակցել դասագրքի ստեղծման գործընթացին, հայտ ներկայացնել:
Փորձաքննությունն անցած և հաղթող ճանաչված յուրաքանչյուր դասագրքի համար կտրվի պետական դրամաշնորհ՝ 6 մլն 300 հազար դրամ: Ամեն առարկայից, ի դեպ, կարող է լինել երկու դասագիրք: Ուսուցիչներն ընտրելու հնարավորություն կունենան: Ընդ որում՝ որքան դասագիրքը պահանջված լինի, այնքան դա հեղինակին կբերի հավելյալ եկամուտ՝ յուրաքանչյուր գրքի արժեքի 8 տոկոսի չափով:
Դասագրքերը գնահատող մասնագիտական հանձնաժողովի անդամության հայտերն արդեն ընդունվել են:
Արսեն Բաղդասարյան - Շուրջ 300 հայտ ենք ստացել և հիմա այդ հայտերի վրա աշխատում ենք, որպեսզի արդեն ըստ առարկաների տարանջատվեն, խմբերի բաժանվեն, և մասնագիտական խմբերը ձևավորվեն:
Յուրաքանչյուր առարկայի դասագրքի գնահատման հանձնաժողովում կարող է լինել տվյալ առարկայի հինգ մասնագետ, նաև հայերենի մասնագետ, մանկավարժ-մեթոդիստ, մանկավարժ-հոգեբան, բժիշկ-հիգիենիստ, նկարիչ- ձևավորող:
Մրցույթին ներկայացված դասագրքերի փորձաքննությունը կիրականացվի երկու փուլով՝ համապատասխանություն պետական չափորոշիչներին և բովանդակության գնահատում:
Հեղինակ` Աննա Զախարյան