Հաշվեքննիչ պալատը նոր անդամ ունի. Ազգային ժողովը 67 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց Գագիկ Բարսեղյանին: Նրա թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը:
Խորհրդարանական 2-րդ ուժը՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, այս անգամ էլ չմասնակցեց քվեարկությանը: Իշխանությունից հայտարարեցին՝ այդ պահվածքը չեն հասկանում:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ մաս) - Կարծում եմ՝ քաղաքացիներն արժանի են իմանալ բացատրություն, թե ինչու մեր նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ եք քվեարկում, ինչի եք այս կամ այն նախագծին դեմ քվեարկում կամ չքվեարկում, կոնկրետ Հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունենք որպես երևույթ, ինստիտուտ և էություն:
Որպես կանոն, ԱԺ բերված իշխանության նախագծերը կիսատ-պռատ ու չմշակված են. ընդդիմադիր Արծվիկ Մինասյանի պատասխան էր: «Հայաստան» խմբակցության քարտուղարի գնահատմամբ՝ խորհրդարանում քննարկված նախագծերը դուրս են Հայաստանի առաջնային օրակարգից:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Դուք ձեր գործունեությամբ ապալեգիտմիացրել եք փակ, գաղտնի քվեարկությունը, արդյունքները և ընդհանրապես քվեարկության պրոցեսը: Վառ օրինակ է Վահագն Հովակիմյանի քվեարկությունն ու ընդդիմության ներկայացրած թեկնածուներին առանց ողջամիտ բացատրության ձեր կողմից մերժելը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - 30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտմիացնի:
Քաղաքական աբսուրդ. Ռուբինյանի գնահատականն է ընդդիմադիր գործընկերների աշխատանքին, թեև շեշտում է՝ կարելի է ենթադրել, թե ինչն է ընդդիմության պահվածքի պատճառը:
Ռուբեն Ռուբինյան - Կարող եմ ենթադրություն անել, որ ընդդիմությունը քվեարկում է, որպեսզի չզրկվի աշխատավարձից, կարող եմ ենթադրել, որ ընդդիմությունն իրեն տրված մանդատը չի իրացնում:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց՝ Ռուբինյանի դժգոհության պատճառներն իր համար անհասկանալի են:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Գուցե ինչ-որ զարգացումներ են եղել, շատ եք նեղվել, բայց մի դիրքորոշում հստակ կա՝ Կառավարության կողմից ԱԺ բերվում են հազար ու մի տեսակ ոչ էական, ամեն շաբաթ փոփոխվող օրենքների նախագծեր, որոնք էական որևէ բան չեն փոխում մեր երկրում։ Դիրքորոշման առումով մի բան հստակ գիտենք՝ այս Կառավարությունը անելիք չունի մեր երկրում, այս մի բանը հստակ գիտենք։
«Քաղաքացիական պայմանագիր»-«Հայաստան» խմբակցությունների բանավեճից անմասն չմնաց նաև «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հայկ Մամիջանյանն (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Մենք դիրքորոշում ենք հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք, ոնց որ թե, չեք համարձակվում ասել ոչ մեկդ, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Երբ որ դրա դիրքորոշումը կասեք, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշումը կլսեք:
Ազգային ժողովի նախագահն էլ հորդորեց ընդդիմադիր գործընկերներին` հանդես գալ սեփական օրենսդրական նախաձեռնություններով, եթե այդքա՜ն դեմ են Կառավարության ու խոհրդարանական մեծամասնության նախագծերին: Բանավեճ-փոխադարձ մեղադրանքներից զատ խորհրդարանը քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված օրենքների բոլոր նախագծերը:
Հեղինակ՝ Անի Օհանյան