Փակ շուկայի ստորգետնյա հետիոտնային անցումն է, որն ամիսներ առաջ նման էր աղբավայրի, լուսավորություն գրեթե չկար: Գետնանցման շինարարական աշխատանքները սկսել են 2022-ի սեպտեմբերի 2-ին: Քաղաքապետարանի բյուջեից շուրջ 60 մլն դրամ է հատկացվել 366 ք. մ տարածքով անցումը նորոգելու համար:
Խորեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ) - Էս հատվածը աբողջությամբ խցանված էր, այն բացվել է ու տարիների աղբը հանվել է. այստեղ խցանումներ էին լինում: Ամեն մի ջրային անցումից 3 մեքենա աղբ է դուրս եկել:
70-ականներին շահագործման հանձնված անցումը տասնյակ տարիների ընթացքում ոչ մի անգամ չի նորոգվել: Խորեն Գրիգորյանի խոսքով՝ սկզբնական նախագիծը պահպանել են՝ տալով նոր լուծումներ: Դրանցից մեկը, օրինակ, կախովի առաստաղն է:
Խորեն Գրիգորյան - Լուսավորությունը մի բանի վրա պետք է հավաքվեր, մենք կախովի առաստաղով հավասարեցրինք ու լուսավորությունը անցկացրինք: Արդեն կատաստրոֆիկ վիճակ էր, ու եթե էս փուլում մենք նորոգում չանեինք, ունենալու էինք հիմքային խնդիրներ, սյուները ևս սկսում էին քայքայվել: Հակակոռոզիոն միջոցառումներ ենք նաև արել, նաև սալիկապատել ենք ամբողջ տարածքը:
Ինչո՞ւ նորոգվող անցումում հենաշարժողական խնդիրներ ունցող քաղաքացիների համար նախատեսված չէ թեքահարթակ. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը պարզաբանում է՝ ոչ թե չեն ցանկացել կամ չեն նախատեսել, այլ իրականացրել են նորոգում, ոչ թե վերակառուցում: Դրա համար, վստահեցնում է, ավելի շատ ժամանակ ու փող կպահանջվեր:
Խորեն Գրիգորյան - Պատկերացրեք՝ մենք պետք է 3 մետր առաջ գնայինք, նույն խորությամբ իջնեինք, որ ստանայինք հարթակ: Էս փուլում մենք ունեինք շատ վատ գտնվող անցում, ու վերանորոգման կարիք կար: Ձեր բարձրացրած հարցը ընթացքում կարողանալու ենք լուծել:
Մաշտոցի պողոտայի սկզբնամասի գետնանցման բարեկարգումը պետք է ավարտվեր նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին: Խորեն Գրիգորյանը պարզաբանում է՝ շինարարությունը երկարաձգվեց ի հայտ եկած խնդիրների պատճառով, անգամ շինանյութի փոփոխության կարիք առաջացավ: Գետնանցումը պատրաստ կլինի փետրվարի առաջին օրերին: Համայնքն առաջիկայում նախատեսում է նորոգել նաև Հակոբ Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների հետիոտնային ստորգետնյա անցումը: