2023 թվականի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների միջին ակտիվություն: Ընդհանուր դեպքերի 68%-ը կազմում են մինչև 18 տարեկանները։ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ գրիպով սեզոնային ու սուր շնչառական վարակներով պայմանավորված բուժառուների կտրուկ աճ է գրանցվել:
Դավիթ Կարապետյան (Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրեն) - Սկիզբ միջինացված սեզոնային գրիպի ու սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերում ունենում ենք մինչև 70-80 դեպք շաբաթական, այս պահին 150 այց է, նույնը՝ անաշխատունակության թերթիկների մասով: Համեմատության համար ասեմ, որ պոլիկլինիկայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 դեպք, իսկ սուր շնչառականի՝ 156 դեպք:
Պոլիկլինիկայի թերապևտը հիշեցնում է սուր շնչառական վարակների ախտանշաններն ու հորդորում՝ զգույշ լինել, թույլ չտալ, որ հիվանդությունը բարդանա: Բժիշկը նշում է՝ պացիենտների մեծ մասը սկսել է ավելի հետևողական լինել ու ավելի վաղ դիմել:
Սուսաննա Դարբինյան (Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի թերապևտ) - Ջերմությունը տատանվում ա՝ կտրուկ բարձրանում ա, հաջորդ օրը իջնում ա, հետո մյուս օրը նորից լինում ա 38-39, կոկորդի սեղմում, հազ, ֆարինգիտ, և եթե չհետևեն՝ թոքաբորբ, սուր բրոնխիտ:
Հակահամաճարակային կանոնների պահպանման ու հերթերի կանոնակարգման համար Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում պիլոտային ծրագրով տեղադրվել է հերթագրման համակարգ: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս հեռախոսում ներբեռնված «Արմեդ» համակարգի միջոցով նախապես հերթագրվել բժշկի մոտ և խուսափել հերթերից:
Սուսաննա Դարբինյան - Նոր համակարգից օգտվո՞ւմ են:
- Հա օգտվում են, ճիշտ ա՝ մի քիչ ինտերնետի կապը դանդաղ բան, բայց ոչինչ, որ գիտենք՝ հետո լավ կլինի, իրանք էլ են ըմբռնումով մոտենում:
Պոլիկլինիկայի տնօրենը վստահեցնում է՝ համակարգի ներդրումը չի նշանակում, որ այն քաղաքացիները, որոնք չունեն հեռախոս կամ չեն կարողանում օգտվել հավելվածից, խնդիրներ կունենան: Տարեցները և թոշակառուները կարող են գրանցվել հեռախոսազանգով:
Աշխատակից - Պացիենտը նախապես զանգում ա, որ գրանցում անենք, անկետան հանենք, կտրոնի հետ պատրաստենք, որ ժամանակ չկորցնի, ու ինքը գնում ա բժշկի մոտ, ու զգուշացնում ենք՝ համարը տեսնեն մոնիթորի մոտ, գնա:
Դավիթ Կարապետյան - Ընդունարանում արդեն իսկ գրանցվելով իրեն կցագրված բժշկի մոտ՝ այցելուն ստանում է կտրոն, այս պահին արտացոլված է կտրոնը, համապատասխան կտրոնով գալիս է սենյակ, բժիշկը տեսնում էր՝ այցելուն մոտեցել է կլինիկա, և սեղմում է իր մոտ առկա «մոտեցեք» կոճակը, ու այցելուն մտնում է իր ժամին:
Համակարգը նաև յուրաքանչյուր պահի ցույց է տալիս պոլիկլինիկայի ծառայություններից օգտվող այցելուների քանակը, օրինակ՝ այս պոլիկլինիկայում մինչև ժամը 12:00-ը 250 այցելու է սպասարկվել: Այս կերպ հաշվում են նաև պոլիկլինիկայի ո՛ր բաժանմունքն է ամենածանրաբեռնվածն աշխատել: