«Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը լրանալը չի նշանակում, որ ԵՄ այդպիսի առաքելություն Հայաստանում այլևս չի լինելու»,- «Լուրերի» հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ մեկնաբանելով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:
Վահե Գևորգյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Ավարտվելու է կոնկրետ այս մոնիտորինգային խմբի աշխատանքը, և քննարկումներ են ծավալվելու նոր առաքելության վերաբերյալ:
Ժոզեպ Բորելը նշել էր, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որը լրանում է դեկտեմբերի 19-ին: Առաքելությունը չշարունակելու որոշումը, ըստ նրա, կայացվել է Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստի ժամանակ։
Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով, այդուհանդերձ, պահպանելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի Բրյուսելի հեղինակությունը՝ խումբ կուղարկվի Հայաստան՝ ծրագրելու հաջորդ տարի քաղաքացիական առաքելության հնարավոր տեղակայումը, եթե նման համաձայնություն ձեռք բերվի։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը նկատում է՝ մարտահրավերները, որոնք պատճառ էին դարձել առաքելություն ուղարկելու, պահպանվում են: Հույս է հայտնում, որ ԵՄ նոր առաքելությունը չի ուշանա:
Վահե Գևորգյան - Այդ միջավայրը և պայմանները չեն փոխվել, ուստի մենք ակնկալում ենք, որ մեծ դադար չպետք է լինի, քանի որ մենք առերեսվում ենք նույն մարտահրավերների հետ:
Մի քանի օրից գործունեությունն ավարտող քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայվել էր հոկտեմբերի 20-ին՝ նպատակ ունենալով նպաստել վստահության ամրապնդմանը և աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան