Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը շեշտել է՝ Հարավային Կովկասում լարվածությունը շարունակում է աճել:
Պարույր Հովհաննիսյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ) - Արևելյան գործընկերներից մեկը՝ Ադրբեջանը, ոչ միայն շարունակաբար սպառնում է կրկին ուժ կիրառել, այլև ագրեսիայի մի քանի գործողություն է կատարել՝ բռնազավթելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 140 քառակուսի կմ տարածք։ Սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներ, հարվածներ հասցրել անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը։
Ավելին՝ անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես փորձեր էր անում էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղի մնացած 120 000 մարդկանց հանդեպ՝ սպառնալով կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շահագործմանը, ինչը համաձայնեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։
Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը, շեշտել՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը մեծ է, ուստի առաքելությունը պետք է շարունակի տեղում կատարել իր դերը:
ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին զիջումներ պարտադրել:
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ՈՐՈՇԱԿԻ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ ՍԱՀՄԱՆԻ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պարույր Հովհաննիսյան - Այս առումով, Եվրամիությունը պետք է որոշակի կարմիր գծեր սահմանի։ Ուժի կիրառումից զերծ մնալը պետք է լինի բացարձակ կարմիր գիծ։ Ոչ պակաս կարևոր է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերման շարունակական պահանջը։
Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ադրբեջանի գլխավոր դիվանագետն էլ հայտարարել է առաջիկայում Հայաստանի գործընկերոջ հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին, որի շրջանակում, Բայրամովի խոսքով, կքննարկվի խաղաղության հնարավոր պայմանագրի նախագիծը։ Բաքվի համոզմամբ` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը լիցք հաղորդեցին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ջեյհուն Բայրամով (Ադրբեջանի ԱԳ նախարար) - Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունները սկսվել են, այն կստորագրվի որպես օգոստոսի 31-ին բրյուսելյան հանդիպման կարևոր արդյունքներից մեկը: Հայաստանի և Ադրբեջանի՝ որպես երկու ինքնիշխան պետության միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմք կստեղծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կամ մտահոգիչ բոլոր հարցերի լուծման համար։
Ջեյհուն Բայրամովը նաև կարծիք է հայտնել, որ չնայած բանակցությունների դրական դինամիկային` ձեռք բերված առաջընթացը, նրա ձևակերպմամբ, «դեռևս բավական սահմանափակ է»: Ադրբեջանցի պաշտոնյան դրա համար մեղադրել է հայկական կողմին և երրորդ երկրների, որոնք, Բայրամովի խոսքով, իբր խթանում են «Հայաստանի ռևանշիստական վարքագիծը»:
Հարավային Կովկասում խաղաղության կոչ է արել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ընդգծել՝ հարկավոր է ակտիվացնել աշխատանքը անվտանգության ու պաշտպանության ոլորտներում՝ հանուն անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի: