Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից հերթականը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան: Ըստ ԱԱԾ-ի՝ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցել է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, գրավոր կարգով հաստատել է նրանց հետ գործակցելու պատրաստակամությունը, ստացել համապատասխան ծածկանուն և յուրաքանչյուր ամսվա ծառայության համար 500 դոլար: Նույն քաղաքացին 44-օրյա պատերազմի ընթացքում կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ և չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, չնայած ունեցել է հրթիռավորի մասնագիտությամբ բարձրագույն զինվորական կրթություն, տիրապետել է ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին և ունեցել է թիրախի ճշգրիտ կոորդինատները: Նրա գործողությունների հեետևանքով հնարավոր չի եղել կատարել հաշվարկի առջև դրված մարտական առաջադրանքը։
Հայաստանի հակահետախուզական մարմինների տեսադաշտում հայտնվելուց խուսափելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հիշյալ անձին տրամադրել են իրենց հաղորդակցական կապը քողարկող հավելվածով ծրագրավորված բջջային հեռախոս՝ հանձնարարելով այն պահել «թռիչքային» ռեժիմում, տեղեկությունները փոխանցելիս օգտվել հանրային վայրերում տեղակայված համացանցի միացման հնարավորություններից:
Քրեական հետապնդման ենթակա անձը հավաքել և քողարկված ինտերնետային կապի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություն է տրամադրել ձեռք բերված ռազմական տեխնիկայի, պատերազմի ընթացքում ունեցած կորուստների վերաբերյալ: Հիշյալ անձը խոստացել է հավաքել ու 4000 դոլարի դիմաց տրամադրել գաղտնիք հանդիսացող մարտական պատրաստվածության պլան, քարտեզներ և մարտական կարգադրություններ, սակայն չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել, քանի որ բացահայտվել է: Նաև պարզվել է, որ զինվորականը դիտավորյալ վնասել է ռազմական տեխնիկան: Նա ավտոմեքենայով կտրուկ հետընթաց է կատարել և բախվել ռեակտիվ արկերով բեռնված տրանսպորտային միջոցին: Այդ ռազմական տեխնիկան տևական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման համար:
Այսպիսով, ԱԱԾ-ն պարզել է, որ մեղադրյալը գործել է ի վնաս Հայաստանի Հանրապետության, խոչընդոտել է ԶՈՒ առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը, հակառակորդին էլ ընձեռել է ճշգրիտ հաշվարկներ կատարելու հնարավորություն:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական վարույթներով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 8 քրեական վարույթ՝ 15 անձի վերաբերյալ։