Հատուկ միջոցներ կիրառելու հնարավորություն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին: Կառույցը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում են ամրագրել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման, օգտագործման պայմանները և կարգը: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն ունեն զենք կրելու իրավունք, սակայն կա օրենսդրական բաց։
Էմմա Ավագյան (Հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ) - Փաստացի օրենսդիրը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին իրավունք է տվել զենք կիրառել, սակայն մենք չունենք օրենսդրական այն կարգավորումները, թե որ դեպքում կարող է կիրառել: Փաստացի դուրս է գալիս, որ իրենց լայն հնարավորություններ են տվել, բայց սահմանափակումներ, ըստ էության, նախատեսված չէ:
Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն, սակայն, ըստ նախագծի՝ դա լիարժեք կատարելու համար անհրաժեշտ իրավակարգավորումներ նախատեսված չեն: Ավագյանի խոսքով՝ պարտականությունները պատշաճ իրականացնելու համար ծառայողներին անհրաժեշտ է կիրառել ձեռնաշղթաներ, ռետինե մահակներ և այլն:
Էմմա Ավագյան - Հակակոռուպցիոն կոմիտեն, ունենալով օպերատիվ-հետախուզական ծառայություն, փաստացի, օրինակ՝ ձեռնաշղթաներ չունի այս պահին, որպեսզի կարողանա կիրառել, դա հատուկ միջոց է ու անհնարին ա կոռուպցիոն հանցագործների դեմ պայքարի համար ևս պետք են հատուկ միջոցներ:
Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերի փորձագետ Դավիթ Գյուրջյանի կարծիքով՝ օպերատիվ ստորաբաժանման կողմից զենք կամ հատուկ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը ակնհայտ է, սակայն նախագիծը չի սահմանում համաչափության սկզբունքը:
Դավիթ Գյուրջյան (Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ) - Օրինակ բերեմ՝ նախատեսվել են իրավիճակներ, երբ պարզապես անձի կողմից ձեռքը գրպանը տանելը կարող է հիմք հանդիսանալ մարտական զենքը կիրառելու համար, և չի մասնավորեցվում՝ կոնկրետ էդ կիրառումը ի՛նչ սահմանափակումներ ունի, օրինակ՝ մարմնի ո՞ր մասին կարելի է կրակ արձակել և այլն՝ առանց նախազգուշացման կիրառման հնարավորություն է տրված: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ են ավելի մանրամասն կարգավորումներ, իմպլեմենտացնել այս հնարավորությունը՝ տալով ծառայողներին:
Նախագծի վերաբերյալ դիտարկումներ ներկայացրել է նաև արդարադատության նախարարությունը: Առաջարկել է հստակեցնել՝ զենքի օգտագործումը վերաբերում է միայն օպերլիազորների՞ն, թե՞ կոմիտեի մյուս ծառայողներին ևս:
Հասմիկ Տիգրանյան (արդարադատության նախարարության հակակոռուպցիոն մոնիթորինգի բաժնի պետ) - Մեկ այլ դիտարկում վերաբերում էր հստակեցնելու՝ ո՞ր դեպքում, օրինակ՝ հենց օպերները կարող են զենք կրել, որովհետև կան օպերներ, որոնք վերլուծական աշխատանք են իրականացնում: Նաև հստակեցման կարիք կա՝ ո՛ր դեպքերում, ո՛ր լիազորություններից բխող ինչպիսի զենք պետք է կրել:
Այս դիտարկումներին ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը նշում է՝ հատուկ միջոց կամ մարտական զենք կիրառելը բացառապես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ծառայողի պարտականությունն է լինելու: Ըստ նրա՝ ծառայողը դրանք գործածելու է բացառիկ դեպքերում: Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող 60 հաստիքից համալրվել են դեռ 37-ը, 7 թեկնածու դեռ վերապատրաստվում է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան