Առողջապահության նախարարությունը բանիմաց ու պատրաստակամ երիտասարդներին հրավիրում է գործակցության: Բարեփոխումների ազգային ու ռազմավարական ծրագրերը իրագործելու ճանապարհին գերատեսչությունը կամավորների ու թարմ մտքի կարիք ունի: Տարատեսակ աշխատանքներում ընդգրկվելով՝ նրանք միաժամանակ ձեռք կբերեն նոր հմտություններ ու պետական համակարգում աշխատելու փորձ: Իսկ հետո նախարարությունը կարող է մշտական աշխատանք առաջարկել:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Իրականում այն պարտավորությունը, որ վերցրել ենք մեզ վրա, ավելին է, քան մեր ռեսուրսներն են, որովհետև հասկանում ենք, որ մենք առողջապահության համակարգի տարբեր ուղղություններով խնդիրներ ունենք և այսօր կարող ենք այդ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել:
Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ու բուժքույրական գործի բարեփոխումներ, առողջության համապարփակ ապահովագրություն, մասնագիտական զարգացման ծրագրեր... գերատեսչությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի հետ կազմակերպել էր հանդիպում-քննարկում, որտեղ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը տարբեր հարթակներում տարածված հրավերին արձագանքած երիտասարդներին ներկայացրեց համակարգի զարգացման ուղղությունները, ու թե ինչ մասնակցություն են ակնկալում նրանցից:
Դավիթ Սարգսյան (ԵՊԲՀ ուսանող) - էս պահին բոլորը մտածում են շարունակական մասնագիտական զարգացման ոլորտում 35 հազար բուժաշխատողի կրեդիտավորումն իրականացնելու համար, ինձ էդ ոլորտը շատ է հետաքրքրում, ու պատրաստ եմ օգնել:
Հիմնական գործունեությունն այն է, որ կարողանան համակարգել` արդյոք անհրաժեշտ կրեդիտների քանակը հավաքվե՞լ է, թե՞ չէ:
Դիանա Բազարչյան (Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող) - Կփորձեմ ընտրել այս առաջարկի այն մասերը, որ կարողանամ համատեղել: Ինձ մոտ այդպիսի խնդիր դեռևս չի եղել, կամավորության մեջ առաջ էլ եմ ակտիվ եղել:
Ամերիկյան համալսարանի առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը վկայակոչում է համաշխարհային փորձը և նշում, որ թռիչքաձև զարգացում ունենալու համար կարևոր է տարբեր մասնագետների ներգրավումը: Բարդ խնդիրների լուծման համար, ըստ նրա, անհրաժեշտ է ոչ ստանդարտ մտածելակերպ, իսկ կոնկրետ ուղղվածության կրթական ծրագրերը երբեմն կաղապարում են մարդկանց, ու նրանց մտքով չանցնող լուծումը կարող են հուշել բոլորովին այլ ոլորտի մասնագետներ:
Վարդուհի Պետրոսյան (Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի դեկան) - Ուղղակի միայն բժիշկ կամ բուժքույր ներառելու դեպքում այդ լուծումը կարող էիք և չգտնել: Այսինքն՝ ներկայումս դա բավականին տարածված միջազգային փորձ է, որ կարողանում են բերել տարբեր մասնագետների, որոնք կարող են միասին մտածել, քննարկումներ անել և տարբեր տեսակի լուծումներ ունենալ:
Կամավորների ներգրավման ծրագրին մասնակցելու հայտերը կընդունվեն առաջիկա շաբաթվա ընթացքում: Կամավորները կաշխատեն երեք ամիս:
Հեղինակ` Աննա Զախարյան