Մեր կրթական ռազմավարության մեջ էական գործոն պիտի դառնա տաղանդի բացահայտումը, խրախուսումը և զարգացումը: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր կանխավարկածն այն է, որ յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, բայց որպեսզի նրա տաղանդը բացահայտվի, նա պետք է հասանելիություն ունենա կրթությանը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երեխայի պիտի հասանելի լինի որակյալ մանկապարտեզ, նախակրթարան, դպրոց, բայց ուզում եմ ընդգծել, որ որակյալ մանկապարտեզը և դպրոցը կազմված են մի քանի բաղադրիչից՝ պատաճ շենքային և գույքային պայմաններ, պատշաճ կրթական ծրագիր և բովանդակություն, որակյալ մանկավարժական կազմ»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ այս բաղադրիչներից որևէ մեկի բացակայությունն անարդյունավետ է դարձնում կրթությունը:
«Տաղանդի զարգացման համակարգը պետք է գործի մանկապարտեզից մինչև ուսումնարան և բուհ: Մեր տեսլականն է՝ երկրում որևէ երեխա չպետք է զրկվի իր տաղանդն առավելագույնը զարգացնելու հնարավորությունից իր ընտանիքի՝ ասենք, սոցիալական վիճակի պատճառով»,- ասաց նա: