Անձնական միջոցառումներից հրավառական նյութերի օգտագործումը հանել, սահմանափակել ներմուծմումը. ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ հրավառություններն արգելող օրենքի նախագիծն է քննարկվում: Այս նախագիծը դեռ 2021-ին համատեղ մշակել էին Սիսակ Գաբրիելյանը և նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն կորոնավիրուսի, հետո՝ պատերազմի, իսկ հետո՝ 7-րդ գումարման խորհրդարանի լուծարման հետևանքով այն այդպես էլ չէր ընդունվել: Հիմա, հաշվի առնելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, նախագիծը որոշակի փոփոխություններով կրկին քննարկման սեղանին է:
Տիգրան Ավինյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) - Օրենքի իմաստն այն է, որ մասնավոր միջոցառումներին հրավառություն չանեն, որ բնակչությանը կանհանգստացնեն, ես ոչ մի քաղաքում չեմ տեսել, որ այնպիսի հրավառութուններ լինեն, ինչպես ամեն օր լինում է, օրինակ, Ձորի ռեստորաններում:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Քանի որ ազատ վաճառք է, դժվար է վերահսկել, սուպերմարկետներում, օրինակ, վաճառում են, և ցանկացածը կարող է գնել:
Ըստ նախագծի` հրավառության իրավունք կունենան միայն լիցենզավորված կազմակերպությունները, այն էլ` միայն քաղաքային և համապետական տոների ժամանակ։ Իսկ հասարակական, հանրային միջոցառումների դեպքում, օրինակ` որևէ զբոսայգի հոբելյանական տարի նշի կամ հունիսի 1-ին ցանկանա հավառություն կազմակերպել, արդեն թույլտվություն պետք է ունենա համայնքի ղեկավարից՝ հստակ կարգավորումներով՝ տեղանք, հեռավորություն, ժամ, հրավառ նյութի տեսակ: Որ օրենքը կարողանա փոխել այսօրվա իրավիճակը՝ խախտողների համար տուգանքի մեծ չափ է սահմանվելու, շեշտում է Սիսակ Գաբրիելյանը:
Սիսակ Գաբրիելյան - Կարելի է շատ խիստ տուգանք սահմանել՝ մինչև 2-3 մլն դրամ, տնտեսվարողը կգիտակցի արդեն ու թեկուզ 40 հազարանոցը չի վաճառի:
Պահանջարկի նվազման դեպքում լիցենզավորված ընկերությունները ենթադրաբար շատ չեն լինելու, ներմուծված ապրանքն էլ գրանցված է լինելու, արդյունքում վերահսկողությունը հեշտանալու է: Եթե ռեստորանում հրավառություն հնչի, կնշանակի` լիցենզավորված ընկերությունները հրավառության նյութերը վաճառել են օրենքի խախտումով: Տուգանքը նախատեսված է լինելու ոչ միայն վաճառքը կազմակերպողի, այլև հրավառությունն իրականացնողի համար, և եթե այն ռեստորանում է, պատասխանատվության կենթարկվի նաև այդ տնտեսվարողը:
Կնունք-ծնունդի դեպքում ևս հստակ ժամերի ու բնակելի տարածքներից հստակ հեռավորության վրա հրավառություն կազմակերպել թույլ տալու Թունյանի առաջարկին Գաբրիելյանն ու Ավինյանը հակադարձեցին՝ օրենքն այդկերպ ցանկալի արդյունքը չի տա:
Տիգրան Ավինյան - Մենք ուզո՞ւմ ենք, որ ինչ-որ մեկի ծնունդին թեկուզ 10:30 վեր թռնեն: Այսինքն` դուք դեմ չեք, որ լինի կնունքին: Դա խանգարում է, չի կարող չխանգարել, մենք հենց թողեցինք, մասնավոր միջոցառումներին ինչ-որ ժամերի թույլ տվեցինք, մեր պատկերը չի փոխվի:
Սիսակ Գաբրիելյան - Ինչքան էլ նորմը խստացնենք, խաղացողները ոչ թե 4-5 են, այլ 400-ը, դժվար է վարչարարություն իրականացնել, բայց եթե ի սկզբանե արգելվում է ներկրումը, խաղացողները քչանում են:
Տիգրան Ավինյանի դիտարկմամբ՝ օրենքի ընդունումից հետո հրավառ երկինք չի լինի նաև Ամանորին:
Տիգրան Ավինյան - Էլ ոչ ոք իր պատշգամբից մեգա-սալյուտ բաց թողնել չի կարողանալու։ Համայնքը թող կազմակերպի Նոր տարվա հրավառությունը։ Այդպես ավելի ճիշտ ու գեղեցիկ կլինի։
Հեղինակ` Իրինա Մկրտչյան