Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված և վերջին 3 ամսում գործազուրկի կարգավիճակ ունեցող՝ 35-ից բարձր տարիքի անձի աշխատանքի ընդունելու դեպքում գործատուն կստանա միանվագ 250 000 դրամ փոխհատուցում:
Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Եթե գործազուրկը նաև նպաստառու է, ապա միայն նպաստառու լինելու հանգամանքը բավարար է, տվյալ դեպքում և՛ տարիքի հետ կապված պահանջը, և՛ նախապես մեզ մոտ հաշվառված լինելու և գործազուրկի կարգավիճակ ունենալու պահանջը չի լինելու:
Նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելիս փոխհատուցման գումարը կկազմի 350 000 դրամ։ Փոխհատուցումը կտրամադրվի, եթե գործատուն 1 տարի ժամկետով և լրիվ աշխատաժամանակով աշխատանքային պայմանագիր կնքի գործազուրկի հետ։
Ժորա Սարգսյան - Աջակցությունը ստանալու է պայմանագրի ժամկետի ավարտից հետո:
Բացառություն կարվի միայն նպաստառու գործազուրկին սեզոնային աշխատանքի ընդունելիս:
Ժորա Սարգսյան - Եթե սեզոնային աշխատանքների մեջ է ընդունում աշխատանքի, ապա 1 տարվա փոխարեն 8 ամիսն էլ է բավարար, որպեսզի ինքը ստանա աջակցություն, ուղղակի տվյալ պարագայում կստանա ոչ թե 250 հազար դրամ, այլ ամիսների չափով:
Ծրագրից կարող են օգտվել այն գործատուները, որոնք ծրագրին դիմելու պահին առնվազն երկու տարի գործունեություն են ծավալում աշխատաշուկայում, առնվազն վերջին երեք ամսում ունեցել են 10-ը և ավելի աշխատող, եկամուտները չեն նվազել, կամ նվազել են 5 տոկոսով: Ծրագրից չեն կարող օգտվել պետական հատվածի գործատուները:
Ժորա Սարգսյան - Այս տարվա համար այս ծրագիրը նախատեսել ենք իրականացնել շուրջ 200 հոգու համար, սակայն խիստ նախնական է 200-ը: Ինչու. որովհետև եթե մինչև տարեվերջ տեսնենք՝ 200-ն արդեն արված է, և պահանջարկը կա, մենք ունենք հնարավորություն այլ ծրագրերի վերաբաշխումների միջոցով քանակը ավելացնելու:
Դիմումներն ընդունվելու են առցանց եղանակով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան