3 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների նվաճումն է աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում: Երկու տարվա դադարից հետո միջազգային մրցույթն անցկացվել է առկա ձևաչափով՝ Վրաստանի Քութայիս քաղաքում:
Վարդգես Մամբրեյան (Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմի ղեկավար) - Անցած տարի մենք օնլայն ռեժիմում ունեցել ենք արծաթե և ոսկե մեդալ, բայց այս տարի երեխաները փոքր էին տարիքով ու դեռ մի տարի ևս կմասնակցեն, բայց արդյունքը ևս վատ չէր: Մյուս տարվա մեր ակնկալիքներն ավելի շատ են, որովհետև երեխաները ևս մեկ տարի մասնակցելու են դեռ ու հուսով եմ մյուս տարի ավելի լավ արդյունքներ կունենանք:
Աստղագիտության և աստղաֆիզիկայի 15-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 250 աշակերտ: Մարիան մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ, կարողացավ բրոնզե մեդալ նվաճել, նախորդ տարի գովասանագրի էր արժանացել: Բացի այս մրցույթից՝ աղջիկը մասնակցել է նաև ֆիզիկայի միջազգային օլիմպիադային ու նորից մեդալ նվաճել:
Մարիա Առաքելյան (Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր) - Շատ լավ էր, որ իմ արդյունքը բարելավվեց, և ես պատրաստվում եմ մյուս տարի էլի բարելավեմ իմ արդյունքը: Այս մեդալներն օգտակար են համալսարաններ դիմելու համար: Ընդհանրապես մեդալներն ուղղակի պարապելու արդյունք են, ոչ թե նպատակը:
Արտաշեսի համար նույնպես օլիմպիական տարին լի էր ձեռքբերումներով՝ տարբեր առարկաներից նվաճել է 2 բրոնզե մեդալ, ասում է՝ շարունակելու է հաջողություններ գրանցել արդեն համալսարանական օլիմպիադաներում:
Արտաշես Մկրտչյան (Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր) - Ես կարողացա ինչ-որ գլխավոր նպատակ դնել և 2 տարում կարողացա հասնել այդ նպատակին, այսինքն՝ նպատակասլացություն նաև ինձ տվեց այն, որ ես կարողացա աշխատանքի վրա կենտրոնանալ և չշեղվել: Իսկ նրանք, ովքեր ցսնկսնում են մասնակցել, խորհուրդ կտամ ընդհանրապես սիրեն էդ առարկան, հետաքրքրվեն, հետաքրքրիր բաներ նայեն ու մասնակցեն օլիմպիական խմբակներին:
Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տեսական, տվյալների մշակման և դիտողական: Թիմի ղեկավարի խոսքով՝ առաջին 2 փուլերը նախորդ տարիների համեմատ բարդ էին, ինչն էլ խանգարեց դպրոցականներին ավելի լավ ներկայանալ:
Վարդգես Մամբրեյան - Շատ երկրներ ևս ավելի վատ արդյունքներ ցուցաբերեցին, որովհետև ավելի բարդացավ օլիմպիադան, բայց ինձ թվում է՝ սա դրական ուղղություն է, ու մյուս օլիմպիադաներն էլ բարդանում են: Դա նշան է, որ ավելի կրթված երեխաների մակարդակը բարձրանում է:
Մեր երկրի համար օլիմպիական տարին նշանավորվեց 2 կարևոր իրադարձությամբ՝ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Կենսաբանության միջազգային օլիմպիադան, ինչպես նաև մեր դպրոցականները տարբեր օլիմպիադաներում նվաճեցին 21 մեդալ, ինչը Հայաստանի համար ռեկորդ է:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան