Արարատի մարզպետարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։
Հանդիպմանը քննարկվել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումները՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ընդառաջ` հանրապետության բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու մանկավարժները պետք է անցնեն վերապատրաստումներ:
Չափորոշիչն անցյալ ուսումնական տարվանից փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: Անցյալ տարի չափորոշիչները փորձարկվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Այս տարի փորձարկումն իրականացվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարաններում։ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փուլային կարգով ներդրվելու է հանրապետության բոլոր դպրոցներում:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված է բոլոր դպրոցներում բնագիտական նոր լաբորատորիաներ հիմնել: Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևում առանձին ֆինանսավորում է նախատեսված լաբորատորիաների պահպանման և գործարկման համար: Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կարևորությունն ընդգծելով՝ փոխնախարարը նշել է, որ ըստ նոր չափորոշչի՝ բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ։
Նշվել է, որ Արարատի մարզից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 311 մանկավարժ։ Անցյալ տարվա փորձարկման ծրագրով` մարզից 22 մանկավարժ ատեստավորվել է և արդեն ստանում է կարգով նախատեսված հավելավճարները և սահմանված բարձր դրույքաչափը:
Փոխնախարարը ներկայացրել է նաև բուհական ընդունելությունների մարզային արդյունքները. այս տարի մարզի 961 դիմորդներից 733–ն ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն ու մյուս պատասխանատուները պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, աշխատավարձերի բարձրացմանը, վարչական աշխատողների դասավանդմանն առնչվող նոր օրենսդրական կարգավորմանը և այլ խնդիրների։
