Աստղիկ Քոչարյան (Ռադիկ Հովակիմյանի հարևանուհին) - Նմա՞ն ա, չէ՞, Ռադիկին, նման ա, տոշնի ինքն ա։
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած Ռադիկը 44-օրյա պատերազմում զոհված Ռադիկ Հովակիմյանի եղբայրն է։ Բարեկամներն արդեն նմանություններ են գտել փոքրիկի ու ավագ եղբոր միջև։ 42-ամյա տիկին Հայարփին ասում է՝ Ռադիկն ապրելու նոր շունչ է տվել:
Հայարփի Սինդոյան (Ռադիկ Հովակիմյանի մայրը) - Ես շատ վատ էի, ինքն ինձ երազ եկավ, որ՝ շատ մի՛ նեղվի, ես գալու եմ։ Ու ես չէի պատկերացնում էլի, որ չգիտեմ, ինչ ապրումներ տարանք մենք, հետո որ իմացանք՝ արդեն նորից պիտի բալիկ ունենանք, մենք չէինք կարա իրա անունը չդնեինք։
Ռադիկին 3 ամիս էր մնացել, երբ պատերազմը սկսվեց: Ռազմական գործողությունների երկրորդ օրը ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվել էր, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ հոկտեմբերի 5-ին մահացել էր:
Աստղիկ Քոչարյան - Ռադիկի մասին շատ ծանր ա, որ պատմեմ, հենց իմ կողքի հարևանն ա էղել։ Փոքր ա էղել, մեզ համար փայտ ա բերել, կոտորել։ Էս տխուր սրտիս հետ էլ ուրախ եմ, որ մենք ունեն փոքրիկ Ռադիկ։ Գոնե նրա կեսի չափ ինքը ըլնի, ազիզ, ես շատ-շատ ուրախ կլնեմ։
3 կգ 400 գրամ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը:
Արամ Ավալյան (Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ) - Այսօրվա դրությամբ նորածինը և մաման գտնվում են բավարար վիճակում, պատրաստվում ենք վաղը ճանապարհել տուն։ Տեսնում ենք, որ ժպիտ ունի, խոսում ա, երեխայի հետ ժպտում ա։ Շատ դրական, նորմալ, մինչև ծննդաբերությունը մի քիչ խաղաղ, մի քիչ հմի ավելի ակտիվ և ավելի ուրիշ տրամադրության մեջ են մնալու։
Փոքրիկ Ռադիկը Լոռու մարզպետից ստանում է նվերներ, տիկին Հայարփին՝ ծաղիկներ ու բարեմաղթանքներ։ Մարզային իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ փոքրիկի ծնունդն ուրախացրել է բոլորին։
Ռուզաննա Պողոսյան (Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ) - Մենք շատ դժվար օրեր ենք ունեցել 44-օրյա պատերազմից հետո, և նմանատիպ իրադարձությունը կարող է փոխել յուրաքանչյուրիս կյանքը և իրական դարձնել այն, ինչի համար մենք ապրում ենք, ստեղծագործում ենք։ Եվ, իհարկե, մեր ազգի համար դա շատ լավ, ողջունելի իրադարձություն ա։
Փոքրիկ Ռադիկին տանն արդեն սպասում են քույրը, եղբայրը, հայրը և ողջ գյուղը։ Տիկին Հայարփին 22 տարի անց ծննդատնից կրկին Ռադիկի հետ է տուն գնալու։
Հեղինակ` Սերինե Սերոբյան