Երևանում տեղի է ունեցել եզակի հնարավորություններով ու հագեցվածությամբ մանկակրթարանի՝ «Մանկության ակադեմիայի» բացման հանդիսավոր արարողությունը: Շատ գույներ, զարգացնող ու ժամանցային խաղեր, լողավազան ու նաև աղի սենյակ, որտեղ երեխաները շաբաթական երկու անգամ հալոթերապիա են անցնում՝ մաքրելու շնչուղիները և ամրացնելու իմունային համակարգը:
Ալա Աբովյան («Մանկության ակադեմիա» մանկակրթարանի մեթոդիստ) - Մենք հիմնականում օգտվում ենք ինտերակտիվ մեթոդներից: Այո, ուսուցանվող նյութը պետք է հետաքրքիր լինի, և դա անցկացվում է հիմնականում խաղային եղանակով: Շատ ժամանակ երեխաները ուղղակի խաղում են, նրանք չեն պատկերացնում, որ իրենք սովորում են այդ խաղի միջոցով:
Հաստատությունն աշխատում է պետական ծրագրերով ու չափորոշիչներով՝ միևնույն ժամանակ ներդնելով միջազգային հաջողված փորձը: Մանկակրթարանը մասնավոր է, վճարովի: Բայց այստեղ պատրաստ են անվճար ընդունել 44-օրյա պատերազմում, ինչպես նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով զոհվածների երեխաներին: Այս տարի խոսքը ընդհանուր 10 երեխայի մասին է: Հետագայում նրանց թիվը կարող է ավելանալ՝ վճարովի ընդունվող երեխաների քանակից կախված:
Նարե Ներկարարյան («Մանկության ակադեմիա» մանկակրթարանի գործադիր տնօրեն) - Ընտրությունն արվելու է մեր տեղական և միջազգային կառույցների միջնորդությամբ: Այսինքն՝ իրենք ընտրությունն անելու են, և մենք ներգրավելու ենք բալիկներին:
Մանկակրթարանի բացմանը հրավիրված էր նաև Երևանի քաղաքապետը: Հրաչյա Սարգսյանը շրջեց տարածքով, արձանագրեց՝ մասնավորն ավելի ճկուն է, և այսպիսի հաստատությունները ևս մեկ ազդակ կդառնան՝ համայնքային մանկապարտեզները առաջանցիկ տեմպերով զարգացնելու համար:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Երևան համայնքը նույնպես մանկապարտեզների մեծ կապիտալ շինարարություն է իրականացնում, այս պահի դրությամբ միայն ընթացքում 25 մանկապարտեզ, սեյսմիկ անվտանգությամբ, էներգախնայող միջոցներով մենք վերանոգորում ենք:
Հրաչյա Սարգսյանը փաստեց՝ կարևոր է ոչ միայն միջավայրը, որտեղ երեխաները մեծանում են, այլև զարգացումն ապահովող կրթական ծրագրերը: Այդ ուղղությամբ աշխատում են:
Հեղինակ` Աննա Զախարյան