Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնում աշխատող տնտեսվարողները նախօրեից պահանջում էին բացել հարակից փողոցը, որ իրենք էլ խանութները բացելու հնարավորություն ունենան: «Սուրմալուն», որտեղ օրեր առաջ պայթյուն էր տեղի ունեցել, և «Փեթակը» նույն փողոցի տարբեր կողմերում են:
Հովհաննես Ամիրզադյան - Սպասեք մի երկու ժամ, տեսեք՝ մի հատ տեխնիկա էստեղից անցնո՞ւմ ա: Նույնիսկ եթե անցնի էլ, ճանապարհի կեսը թող իրենք վերցնեն, էս կեսն էլ «Փեթակին»: Ասում են` կողքից մուտքը բացեք, բայց էնտեղ անհնար կլինի: Շատ դժվար կլինի, Սևանի փողոցը նեղ է: Շատ ուժեղ խցանում կլինի:
«Սուրմալուի» և «Փեթակի» մեջտեղով անցնող Քրիստափորի փողոցում մեքենաների մուտքը երկու կողմից արգելափակված էր, տարածքում դեռ աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ու տեխնիկան: Մեր նկարահանող խումբը դեռ տարածքում էր, երբ ճանապարհը միակողմանի բացվեց: Տնտեսվարողների դժգոհությունը նախորդ օրը լսելուց հետո պատկան մարմինները քննարկել էին հարցը, ու այժմ արդեն առևտրի կենտրոնին մոտենալու խոչընդոտ չկա: Բայց պարզվում է` այստեղ էլ, ինչպես «Սուրմալուում», ժամանակին հայտնաբերվել է հրդեհային անվտանգության նորմերի խախտումների մի փունջ՝ սկսած կրակմարիչների ու հրդեհի մասին ազդարարող ինքնաշխատ համակարգերի բացակայությունից:
Կարեն Կարապետյան (Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ) - Արտաքին ջրամատակարարում, ներքին ջրամատակարարում, ծխահեռացման, օդափոխության համակարգեր, տարհանման ելքերի, ուղղությունների բացվածքներ: Մի խոսքով՝ տարաբնույթ խախտումներ:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Փեթակ» առևտրի կենտրոնում հրդեհատեխնիկական հետազոտություն իրականացրել է 2021 թվականի հունիսին: Տնտեսվարող սուբյեկտին տրամադրվել է կարգադրագիր՝ սահմանված ժամանակացույցով խախտումները վերացնելու համար: Պահանջը կատարվել է, թե ոչ՝ պետք է պարզվեր այս տարվա հուլիսին՝ կրկնակի ուսումնասիրության միջոցով: Կրկնակի ուսումնասիրություն տեսչական մարմինը սկսել է այսօր:
Կրկնակի ուսումնասիրությունը կտևի մինչև օգոստոսի 25-ը, որից հետո միայն հնարավոր կլինի ասել՝ թերությունները վերացվել են, թե ոչ կամ որքանով են վերացվել: Կարապետյանը, ի դեպ, նշում է, որ «Սուրմալուում» ու «Փեթակում» հայտնաբերված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները հատուկ են նմանատիպ մյուս առևտրի կենտրոններին ևս:
Տնտեսվարողները ավելի պատրաստակամ վերացնում են դյուրին ու քիչ ծախսով լուծվող խախտումները, օրինակ՝ կրակմարիչների բացակայությունը, իսկ համակարգային ու մեծ ներդրում պահանջող նորմերի ապահովումը, որպես կանոն, հետաձգում են: Մանավանդ որ, տեսչական մարմինը մատնացույց է անում ռեսուրսների ու հնարավորությունների անբավարարությունը և նախընտրում ուժերը կենտրոնացնել ուսումնասիրությունների մեծ ընդգրկում ապահովելու, քան կրկնակի ուսումնասիրություններով խախտումների վերացմանը հետամուտ լինելու ուղղությամբ:
Հեղինակ` Աննա Զախարյան