Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող թիմին հաջողվել է 2 բրոնզե մեդալ նվաճել: Մեր երկիրն այս օլիմպիադային մասնակցում էր 5-րդ անգամ: Այս տարի միջազգային մրցույթը կազմակերպել էր Ֆրանսիան:
Վահագն Գրիգորյան (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ, դոցենտ) - Անցած տարի հեռավարի ժամանակ առաջին անգամ աշխարհագրության մեր երեխաներն առաջին բրոնզե մեդալը բերեցին: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի մեդալների քանակը կրկնապատկվել է: Ամեն տարի օլիմպիադային մասնակցող երկրների թիվն ավելանում է:
54 երկրի 209 աշակերտ է մասնակցել միջազգային մրցույթին: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլով՝ տեսական խնդիրներ, դաշտային հետազոտություններ և մուլտիմեդիա առաջադրանքներ:
Ռուբեն Սարգսյան (աշխարհագրության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր) - Աշխարհագրության օլիմպիադայում երկու հիմնական բաղադրիչ եմ միշտ սիրում առանձնացնել՝ անգլերենը և աշխարհագրությունը, որոնք հավասարապես կարևոր են, որովհետև եթե անգլերենի բարձր մակարդակ չունես, պարզապես չես կարող հասկանալ ու ճիշտ պատասխանել հարցերին:
Հովհաննեսն օլիմպիադային մասնակցում էր երկրորդ անգամ, տպավորված է, ասում է՝ իր համար կարևորը ուսումնական ծրագրից դուրս նոր գիտելիքներն են ու փորձը:
Հովհաննես Ստեփանյան (աշխարհագրության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր) - Հիմնական բարդությունը կայանում ա նրանում, որ կա ծրագրային տարբերություն, հիմնականում էս բաները մենք դպրոցում չենք անցնում, այսինքն՝ անցյալ տարի, որ մենք սկսեցինք պարապել, սկսել ենք 0-ից նոր գիտություն, որի ոչ մի տերմինին մենք ծանոթ չէինք:
Թիմի միակ աղջիկը՝ Մարիամը, ասում է՝ առաջադրանքները շատ չէին տարբերվում նախորդ տարվա խնդիրներից, մի փոքր չբավականացրեց, որ մեդալ նվաճի:
Մարիամ Գրիգորյան (աշխարհագրության միջազգային օլիմպիադայի մասնակից) - Միջազգային օլիմպիադաներին, մասնավորապես, աշխարհագրությունից մասնակցությունը տալիս է ոչ միայն տեխնիկական խիստ մասնագիտական գիտելիքներ, այլև ինչ-որ գիտելիքներ, որոնք կարող են օգտակար լինել ամենօրյա կյանքում: Օրինակ՝ հիմա ես շատ ավելի հեշտ եմ կողմնորոշվում քարտեզով, GPS-ով:
Թիմի ղեկավարների խոսքով՝ արդեն սեպտեմբերից կսկսեն պատրաստվել հաջորդ միջազգային օլիմպիադային՝ մասնակցության հնարավորություն տալով մյուս դպրոցականներին, ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ՝ մարզերից:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան