Գյումրու ավագանին արտահերթ նիստում քննարկեց քաղաքի տրանսպորտի ուղեվարձի հարցը։ Սուբվենցիոն ծրագրով Գյումրի համայնքը դեռ անցած տարի ձեռք էր բերել 65 միկրոավտոբուս։ Եվ արդեն մի քանի օր է, որ գնված նոր միկոավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ է դուրս եկել և սպասարկում է քաղաքի ծանրաբեռնված երթուղիներից մեկը։
Գրիգոր Մաթևոսյան («Գյումրու ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար) - Գյումրի քաղաքի բնակիչների վիճակից ելնելով` այս պահին պահում ենք 100 դրամը. երբ որ մի երկու ամիս աշխատենք, կտեսնենք` ինքնարժեքը ինչ է նստում Գյումրի քաղաքի վրա, զեկուցագրով հանդես կգանք Գյումրի քաղաքի ղեկավարի և ձեզ համար։
Ավագանքին կողմ քվեարկեց ուղեվարձն անփոփոխ թողնելու առաջարկին։ Ապա զեկուցողն անդրադարձավ վարորդների աշխատավարձի սպասվող փոփոխությանը։ Նախկին 200 հազար դրամի փոխարեն նոր շեմ են սահմանել 100 հազար դրամը։ Փոխարենը մինչև 75 տոկոս հավելավճար կստանան լավ աշխատող վարորդները, որոնք կկարողանան 28 հազար դրամի չափով եկամուտ ապահովել։ Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Գեորգի Ղազարյանի պնդմամբ՝ այս լուծումը ժամանակավոր է:
Գեորգի Ղազարյան (Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ) - «Ավտոբուսային պարկը» նոր-նոր է հիմնավորվում, և շատ ռիսկային աշխատանքներ կան, տեսնում եք, որ նոր միկրոավտոբուսները գիծ առ գիծ ենք մտցնում, դեռ չի երևում շահույթը, չի երևում օգուտը, և չեն երևում ընդհանուր ծախսերը։ Այդ ամենը դուրս է գալիս ընդհանուր եկամտից։ Ի սկզբանե ավագանին վարորդների աշխատավարձը հաստատել է 200 հազար դրամ, բայց նոր երթուղին սպասարկելով՝ տեսնում ենք, որ գումարը չի բավարարում։
Տրանսպորտի գնի հնարավոր փոփոխությանն անդրադառնալով` նա շեշտեց, որ մետաղադրամ ընդունող սարքի հետ կապված խնդիրներ կառաջանան, որը միայն 100 դրամանոցներ է ընդունում։ Պաշտոնյան չբացառեց թանկացման դեպքում քաղաքապետարանի կողմից ուղեվարձի սուբսիդավորման հնարավորությունը։
Գեորգի Ղազարյան - Կարող է և օգուտով դուրս գանք, և 100 դրամից ավել վճարելու խնդիրը չառաջանա։
Նոր միկրոավտոբուսները կսպասարկեն 12 և 24 համարի երթուղիները: Համայնքի բյուջեից 8 միլիոն դրամ էլ տրամադրվեց միկրոավտոբուսների պարտադիր ապահովագրության համար։