ԱՄՆ Կոնգրեսի սենատորներ Ռիչարդ Բլյումենտալը և Լինդսի Գրեմը նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են արել Ռուսաստանը ներառել ահաբեկչության հովանավոր երկրների ցուցակում:
Հուլիսին երկու սենատորները եղել են Ուկրաինայում, որտեղ հանդիպել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին ասի, որ մենք նրանց «վտարանդի» ենք դարձնում, ինչպես Իրանին ու Կուբային»,- հայտարարել է Բլյումենտալը։ Գրեմն իր հերթին ասել է, որ կոնգրեսականներն աշխատում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու ուղղությամբ։
ՌԴ-ին ահաբեկչության հովանավորներ երկրների ցուցակում ընդգրկելու առաջարկով են հանդես եկել Կոնգրեսի մի քանի անդամներ։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ այդ նախաձեռնություններն անվանել էր «հիմար միջոց»: Նա ԱՄՆ-ին զգուշացրել էր․ նման քայլերն անպատասխան չեն մնա։