Աիդա Փողարյան - Բոլորն էլ Գոշի առողջարար թեյերն են և Գոշի լոբին, շատ համեղ է:
Լոս-Անջելեսից՝ Գոշ: Ամերիկահայ Փողարյան ամուսինների վաղեմի երազանքն իրականացել է: Նոր կյանք են սկսել հայրենիքի այս կանաչ անկյունում:
Աիդա Փողարյան - Մխիթար Գոշի անունը, վանքը, բնությունը շատ հմայիչ էր և հարմար, տեսանք նաև, որ գյուղում դժվարությունները շատ են, ընտրեցինք Գոշը: Մենք չէինք ուզում ուղղակի գանք, բնակարան գնենք և տուրիստի ստատուսով գանք: Ինչքան կարողանանք, օգտակար գտնվենք մեր հայրենիքին, գյուղացիներին:
Հին ու լքված այս տանը նոր շունչ են տվել 2019-ին, գիտեն նրա պատմությունը, կառուցողի մասին, արվեստասեր ամուսինների երևակայությունը և հնարամտությունը օգնել են գտնելու անսպասելի լուծումներ հին իրերի համար:
Աիդա Փողարյան - Այս մասը հին գետնի փայտերն են, ոչ գործածելի պահարանը նորոգել ենք, հին պատուհանը սարքել ենք պահարան: Նույնիսկ հին կոտրված թեյնիկը կամ կաթսան, որ մնացել էր տանիքում, գտել ենք, սարքել ծաղկաման:
Գյուղին օգտակար լինելու առաքելությունը սկսեցին հենց տունը նորոգելուց, այն վստահելով տեղի վարպետներին՝ շինարարությունից մինչև կարուձև:
Աիդա Փողարյան - Մեր նպատակներից մեկը, անշուշտ, այն է, որ հնարավորին չափ նաև գյուղացիների ուժը օգտագործենք, որ իրենց համար դա լինի նաև աշխատանք:
Տան գործերն ամբողջովին չեն ավարտել, բայց արդեն նախաձեռնել են կրթական, մշակութային ծրագրեր մեծերի և փոքրերի համար՝ ներգրավելով սփյուռքի իրենց հարազատներին և ընկերներին:
Գևորգ Ամիրխանյան (Դիլիջան համայնքի Գոշ գյուղի վարչական ղեկավար) - Գյուղի մեծից փոքր ճանաչում են Ասպետին և Աիդային, դրանից հետո սկսվեց իրենց ընկերների այցը, գյուղացիների հետ շփվեցին, փորձեցին ինչով կարող են՝ օգտակար լինեն, ինչու չէ, նաև ապրեն գյուղում:
Անցյալ տարի վճարել են գյուղի բոլոր ուսանողների ուսման վարձը, այս տարի ևս 5 շրջանավարտ կստանա այդ օգնությունը: Նորոգել են դպրոցի ճաշարանը, հերթը գյուղի ակումբինն է, որտեղ կանցկացվեն լեզուների ուսուցման դասընթացներ ոչ միայն երեխաների համար․
Ասպետ Փողարյան - Ուզում ենք անգլերենի խոսակցական դասընթացներ, նաև՝ ռուսերենի, որպեսզի տուրիստների հետ շփվող գյուղացիները, որ ապրանք են ծախում, կարողանան հաղորդակցվել և տաղավարներն ավելի ներկայանալի դարձնեն:
Դպրոցականների համար ստեղծել են նաև փոքրիկ ստուդիա՝ ապահովելով տեխնիկայով, ինչը կօգնի ավելի ճանաչելի դարձնել գյուղը: Առաջին ֆիլմը պատրաստում են Մխիթար Գոշի և «Դատաստանագրքի» մասին: Ասպետ Փողարյանն ասում է՝ այս հին գոմից էլ արվեստանոց կկառուցեն, Ամերիկայում իրենց հարազատ զբաղմունքը այստեղ շարունակելու, փայտի կտորներին 2-րդ կյանք տալու համար:
Ասպետ Փողարյան - Որ էս անտառի փայտերից արվեստ ստեղծենք, հատուկ Գոշի սիմվոլը ունեցող արտադրանք ներկայացնել: