Իսպանիայի Թագավորությունը Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն կբացի: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոն: Թագավորությունում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը երկկողմ օրակարգով Հայաստանի արտգործնախարարի առաջին աշխատանքային այցը՝ պատմական, իսկ օգոստոս ամսին դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը՝ կարևոր իրադարձություն է որակում:
Սոս Ավետիսյան (Իսպանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան) - Դրա միջոցով Իսպանիայի Թագավորությունը կկարողանա ուղղակիորեն կապ ունենալ Հայաստանի հետ դիվանագետի միջոցով: Դեսպանություն չէ սա, բայց սա կարևոր քայլ է, որովհետև, որպես կանոն, Իսպանիան սկզբում բացում է դիվանագիտական ներկայացուցչություն, այնուհետև պրակտիկան ցույց է տալիս, որ դա հասնում է դեսպանության մակարդակի:
Հայաստանի և Իսպանիայի դիվանագիտական հարաբերությունները 30 տարվա պատմություն ունեն: Դեսպանի գնահատմամբ՝ դրանք բավականին ջերմ են, ու տարբեր ոլորտներում գործակցության խորացման հնարավորություն կա: Եվրամիության չորրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրի հետ Ավետիսյանը տեսնում է գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մշակույթի ասպարեզում գործակցության զգալի ներուժ:
Սոս Ավետիսյան - Շատ կարևոր է, որ ոչ միայն ինչ-որ ընկերություններ գան, աշխատեն Հայաստանում, կամ հակառակը, այլև այնպես լինի, որ գիտելիքները տեղափոխվեն նաև Հայաստան, մեր ուսանողները գան, սովորեն թե՛ ճանապարհաշինություն, թե՛ թունելաշինություն, երկաթգծեր, որովհետև Իսպանիան իրոք դրա մեջ բավականին առաջատար երկիր է Եվրոպայում:
Արարատ Միրզոյանի այցի ընթացքում իսպանացի պաշտոնյաների հետ զրույցներում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումներին: Իսպանիայի տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում նույնական է Եվրոպական միության դիրքորոշմանը՝ նշում է դեսպանը:
Սոս Ավետիսյան - Եվրամիությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, կա նաև կարևոր աշխատանք, որն անում է Եվրամիության նախագահությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման փորձին ուղղված: Իսպանիան այս առումով աջակցում է այս երկու ուղղություններին էլ՝ հավասարապես կարևորելով դրանք:
Հայ-իսպանական երկկողմ օրակարգում և հարաբերություններում կարևոր դեր ունի նաև շուրջ 20 հազարի հասնող հայկական համայնքը: Սոս Ավետիսյանն ընդգծում է՝ թեև այն նոր ձևավորվող համայնք է, բայց արդեն ունի կազմակերպչական լուրջ կարողություն ու ռեսուրսներ:
Սոս Ավետիսյան - Կան մարդիկ, ովքեր շատ լավ կարողանում են աշխատել տարբեր ուղղություններով՝ մշակույթից սկսած մինչև քաղաքական ուղղություններ, և ես կարծում եմ, որ Իսպանիայի համայնքը դեռ իր պոտենցիալի իրացման լուրջ ապագա ունի և կկարողանա էլ ավելի կազմակերպված լինել:
Առաջիկայում նախատեսվում է Իսպանիայում հիմնել նաև հայագիտական կենտրոն: Դեսպանի խոսքով՝ այն թույլ կտա իսպանացի ժողովրդին՝ առավել խորությամբ և նորովի ճանաչել Հայաստանն ու հայոց պատմությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան