Ինդոնեզիայի Բալի կղզում հուլիսի 7-8-ը նախատեսված է G20 երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Օրակարգային կարևոր հարցերն են՝ Ուկրաինայի շուրջ զարգացումները, ինչպես նաև աշխարհում պարենային և էներգետիկ անվտանգությունը։
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկուն հրավիրել էր մասնակցելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Նախագահներն ընդունել են հրավերը, սակայն մասնակցության ձևաչափի մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան տեսակապի միջոցով ելույթ կունենա Ինդոնեզիայում G20-ի արտգործնախարարների հանդիպմանը՝ տեղեկացրել է Ջակարտայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Գամյանինը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն էլ հայտարարել է, որ Մեծ քսանյակի հանդիպմանն ընդառաջ Բեռլինը և Կիևը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները։ «Մենք թույլ չենք տա Ռուսաստանին հարթակ տրամադրել Մեծ քսանյակի քննարկումներում»,- ընդգծել է Բերբոքը։