Համայնքների խոշորացման հայեցակարգն ընդունվել է 2011 թվականին: Մինչ օրս իրականացվել է համայնքների միավորման 5 փուլ: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն այսօրվա խորհրդարանական լսումների ընթացքում նշեց, որ ամենածավալուն գործընթացն իրականացվել է 2021 թվականին, երբ 441 համայնք միավորվել է, և ստեղծվել է 36 վարչատարածքային միավոր:
«Մենք գտնում ենք, որ խոշորացման գործընթացը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման գործում:
Սկզբնական շրջանում գյուղապետարանների աշխատակազմների կրճատումը հետագայում համալրվելու է նոր հաստիքներով, որոնք մեծացնելու են համայնքների պոտենցիալը, և որին, համոզված եմ, ըմբռնումով են մոտենում մեր համաքաղաքացիները»,- ասաց Ղալումյանը:
Իր հերթին, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշեց այն կառուցվածքը, որ առաջարկվում է վարչատարածքային փոփոխություններով:
«Արագածոտնի մարզում Թալին համայնք, որը կմիավորի Թալին և Արագածավան համայնքները Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնք, որը կմիավորի Ճամբարակը և Շողակաթը, Լոռու մարզում Ալավերդի համայնք, որը կմիավորի Ալավերդին, Ախթալան, Շնողը և Օձունը, Լոռու մարզում Տաշիր համայնք, որը կմիավորի Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը, և Սյունիքի մարզում Սիսիան համայնք, որը կմիավորի Սիսիան, Գորայք համայնքները»,- ասաց Տերտերյանը:
Նշենք, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: