Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստեղծման 30-ամյակը, ինչը լավ հնարավորություն է ձեռքբերումներն ու բացթողումները իմի բերելու և կառույցի արդյունավետությունը բարձրացնելու համար:
ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵՆՔ ՀԱՊԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՐՁՆԵԼ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Վերջին անգամ մենք այս ձևաչափով հանդիպել ենք 2019 թվականին, դրանից հետո տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ աշխարհում՝ կորոնավիրուսի հետ կապված: Բացի դրանից՝ իրավիճակը մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավականին լարված է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար: Սա այն թեմաներից մեկն է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանարպես կազմակերպության համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը, և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների:
Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակել որոշումներ և զարգացնել հարաբերությունները երկրների միջև:
Վյաչեսլավ Վոլոդին (Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ) - Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ խոսքը առաջին հերթին ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարի, ռազմաքաղաքական գործակցության, խաղաղապահ ուժերի գործունեության մասին է:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին: Այդ հարցում վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը:
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ, ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի ԱԺ նախագահը ևս ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը: Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: Երկուստեք կարևորվել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետևողական կատարելագործումը, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում:
ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ ՉԷ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի նախագահը ընդունել է նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի այսօր կայանալիք նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային հարցերին՝ Սիմոնյանը նշել է. Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, և այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է: Ալեն Սիմոնյանը ղազախ գործընկերոջը խնդրել է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղին վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում: Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը, և հավելել է, որ այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է, և երբեք չի մոռանա Արարատ լեռը: Կոշանովի խոսքով՝ Հայաստանի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական գործակցության համար: Ըստ նրա, սակայն, այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղազախստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել:
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ: