Հայաստանում ներքին զբոսաշրջությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկնիշ աճ է գրանցել: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա հունվար-մարտին մեր երկրի ավելի քան 183 հազար (183 հազար 334) քաղաքացի ճանապարհորդել և հանգստացել է Հայաստանում: 2020-ի (150 հազար 272) նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջությունը աճել է 22 տոկոսով, իսկ ամենաակտիվ տարվա՝ 2019-ի (158 հազար 672) համեմատ աճը 15.5 տոկոս է: Տվյալներն արտացոլում են հյուրանոցներում և հյուրատներում հանգստացած Հայաստանի քաղաքացիների թիվը: Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի բնակչությանը սկսել է ավելի շատ հետաքրքրել երկրի ներսում հանգիստը կազմակերպելը, ինչին, իհարկե, նպաստել է նաև կորոնավիրուսը:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Մարդիկ տեսան, նաև իրազեկվեցին, նաև պատկերացրին, որ մեզ մոտ շատ ավելի լավ և հետաքրքիր վայրեր կան, և կարելի է էդտեղ այցելել, և սա իր նպաստը բերեց: Եվ հիմա 22 տոկոս աճ կա: Դա վատ ցուցանիշ չէ, և, այո, նշանակում է, որ մերոնք կամաց-կամաց սկսում են ավելի շատ սիրել մեր երկիրը, ավելի շատ նախընտրել մեր երկրում հանգստանալ:
Եթե ըստ նպատակների բաժանենք՝ քաղաքացիների 74.5 տոկոսը հանգստի և ժամանցի համար է ճանապարհորդել, 20.2 տոկոսը՝ գործնական, մնացածը՝ կրթության (0.5%), բուժման (2%) և այլ (2.8%) պատճառներով: Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ առաջին եռամսյակը դեռևս համարվում է պասիվ սեզոն զբոսաշրջության համար:
Մեխակ Ապրեսյան - էստեղ եթե մենք ունենք 22 տոկոս աճ, ապա նշանակում է՝ ավելին կարող ենք ակնկալել, և շատ ավելին կարող ենք ակնկալել ակտիվ հանգստի սեզոնում: Հիմա արդեն հունիս ամիսն է, մոտենում է արդեն, կարելի է ասել՝ արդեն մոտեցել է արձակուրդային շրջանը, հանգստի ակտիվ սեզոնը, և մեծ հույս ունեմ, որ մեր քաղաքացիները կնախընտրեն մեծամասամբ Հայաստանում և Արցախում իրենց հանգիստ կազմակերպել:
Զբոսաշրջային ընկերությունները ևս զգացել են դրական փոփոխությունը. սկզբում կորոնավիրուսը նպաստեց, հետո արդեն բաց սահմանների պայմաններում քաղաքացիները կրկին նախընտրեցին երկիրը չլքելով հանգստանալ:
Գոհար Հարությունյան (տուրիստական ընկերության վաճառքի բաժնի ղեկավար) - Քանի որ մենք արդեն ունենք նաև մեր ամփոփած 5 ամիսների ցուցանիշը, կարող եմ ասել, որ միջինում մոտավորապես մինչև 20 տոկոս աճ ենք ունեցել ամբողջ 5 ամսվա համար: Եվ կանխատեսումները մի փոքր ավելին են, ավելի մեծ սպասելիքներ ունենք, քանի որ տուրիստական սեզոնը՝ որպես այդպիսին, նոր է բացվում, և ունենք նոր նախագծեր և այլն, որոնց հաշվին փորձում ենք ակտիվացնել ներքին զբոսաշրջությունը:
Վիճակագրության մեջ չեն արտացոլվում մեկօրյա տուրերը, որոնք մի քանի անգամ ավելի ակտիվ են՝ նշում է տուրիստական ընկերության վաճառքի բաժնի ղեկավարը:
Գոհար Հարությունյան - Իրականում մեկօրյա ճանապարհորդողների թիվը եթե ոչ 3, ապա նույնիսկ ավելի շատ՝ մինչև 5 անգամ մեծ է, քան գիշերակացով ճանապարհորդողների թիվը Հայաստանում, որովհետև ավելի հարմար տարբերակ է, ավելի մատչելի, բյուջետային է հաճախ, և բացի դրանից՝ մեկօրյայի դեպքում նրանք կարող են շաբաթվա ընթացքում մի քանի տարբեր ուղղություններում լինել:
Այս պահին, ըստ ընկերությունների ներքին վիճակագրության, մեր քաղաքացիների նախընտրելի ուղղությունների եռյակում են Տավուշը, Սյունիքը և Լոռին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան