Հայաստանի ԱԺ նախագահն ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը: Առանձնազրույցից հետո նրանք միացել են ընդլայնված կազմով հանդիպմանը:
Կողմերը միմյանց շնորհավորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ: Երկուստեք կարևորվել են ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, իրավապայմանագրային լայն բազայի հետևողական կատարելագործումը, առևտրատնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում հաջող գործընկերությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հիշեցրել է, որ հայկական կողմը նախատեսում է հրատարակել «Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցություն 1992-2021 թթ.» փաստաթղթերի ժողովածուն:
Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է մի շարք ոլորտների համատեղ օրենսդրական կարգավորման, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը նշել է, որ Վյաչեսլավ Վոլոդինին պաշտոնական այցով սպասում է Հայաստանում:
ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ ՉԷ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ազգային ժողովի նախագահը նաև ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի այսօր կայանալիք նիստի շրջանակում Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային հարցերին՝ Սիմոնյանը նշել է. Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ, և այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է:
Ալեն Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղին վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում: Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը, և հավելել է, որ այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է, և երբեք չի մոռանա Արարատ լեռը:
Կոշանովի խոսքով՝ Հայաստանի և Ղազախստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական գործակցության համար: Ըստ նրա, սակայն, այսօրվա ցուցանիշները չեն արտացոլում իրական հնարավորությունները, առավել եւս, որ և՛ Հայաստանում, և՛ Ղազախստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է փոխշահավետ իրականացնել: