Հայաստանը Ասիական զարգացման բանկի վստահելի գործընկերն է՝ նշում է բանկի փոխնախագահ Շիխին Չենն ու հավելում՝ պատրաստակամ են ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը:
Շիխին Չեն (Ասիական զարգացման բանկի փոխնախագահ) - Սկսած 2005-ից՝ արդեն 17 տարի, Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ կառուցում է շատ ամուր գործընկերություն: Մենք միասին քայլել ենք գիտելիքահեն և ներառական զարգացման ճանապարհով: Սա շատ կարևոր է ոչ միայն մեր, այլև տարածաշրջանում համագործակցության համար:
Ասիական զարգացման բանկի նպատակը աղքատության նվազեցումն է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Իսկ աջակցության հիմնական գործիքները վարկավորումը, ներդրումները, դրամաշնորհներն ու տեխնիկական աջակցությունն են:
Շիխին Չեն - Հիմա 2019-2023 թվականների գործընկերության շրջանում ենք, բայց արդեն դիտարկում ենք հաջորդ 5 տարվա՝ 2024-2028 թվականների համագործակցության ուղղությունները: Մեր մանդատը մեր անդամ երկրների զարգացմանը նպաստելն է։ Հատկապես անցումային այս ժամանակահատվածում շատ երկրներ ունեն աջակցության կարիք: Այնպես որ, մենք միշտ այստեղ ենք:
Ասիական զարգացման բանկը Հայաստանում ապահով և կայուն ճանապարհային ցանցի ձևավորման հիմնական գործընկերն է: Ամենախոշորը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրն է:
Շիխին Չեն - Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը, Երևանի քաղաքաշինությունը, մարդկային կապիտալի զարգացումը, կրթությունը, սեյսմիկ անվտանգության բարելավումը Հայաստանի հետ մեր գործակցության գերակայություններն են, ինչպես նաև մենք աջակցում ենք տարածաշրջանային համագործակցությանը, սոցիալական պաշտպանությանը:
Շինարարությունը բանկի համար կարևոր ուղղություններից է՝ դրա մասին է վկայում առաջին կիսամյակում Հայաստանում գրանցված 10-ը տոկոս աճը՝ նշում է փոխնախագահը:
Շիխին Չեն - Շինարարությունը շատ կարևոր է ենթակառուցվածքների զարգացման համար, այդ ոլորտում մենք բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, բայց երբ կողմերը սերտ համագործակցում են, աշխատանքը լինում է շատ արդյունավետ, ինչպես օրինակ՝ մեր համատեղ հերթական աշխատանքի՝ Երևանի նոր կամրջի կառուցման դեպքում: Շինարարությունը նաև շատ կարևոր է աշխատատեղերի ստեղծման ու տնտեսության աճի գործում։
Ասիական զարգացման բանկի ու մեր պետության գործընկերությամբ այս տարիներին սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների շարք է իրականացվել, որոնք շարունակական են՝ նշում է Չենը:
Շիխին Չեն - Աջակցություն է տրամադրվում կոմունալ և ենթակառուցվածքային, բանկային և էներգետիկ ոլորտներում, շեշտը դրվում է վերականգնվող՝ արևային, հողմային էներգիայի վրա: Մեծ է աջակցությունը գյուղատնտեսությանը, ագրոբիզնեսին. Հայաստանն այժմ գտնվում է զարգացման շատ կարևոր փուլում, հուսով ենք, որ մեր գործընկերությունը կնպաստի միասին, քայլ առ քայլ հաջողությունների հասնելու:
2005 թվականից ի վեր ԱԶԲ-ն մեր երկրին տրամադրել է 36 վարկ՝ 1,60 միլիարդ դոլար ընդհանուր գումարով: 1,19 մլրդի՝ 23 սուվերեն և 13 մասնավոր հատվածի վարկ, 411,40 մլն դոլարի՝ մեկ բաժնային ֆինանսավորման գործիք: Հաստատել է տեխնիկական աջակցության 44 դրամաշնորհ՝ ընդհանուր 23,43 մլն դոլարի չափով: