Տավուշում պապենական բաղադրատոմսով բիչինա արտադրող ընկերությանն ընդլայնվելու համար անհրաժեշտ է 832 հազար դոլարի ներդրում։ Երևանից Եվրոպա, ԱՄՆ ու Ասիա ջեռուցման-օդափոխման սարքեր արտահանող Հելտանը՝ 250 հազար։ Ներդրումային այս փաթեթների նման արդեն մոտ 100 բիզնես-առաջարկ է գրանցվել investin.am նորաստեղծ հարթակում, չնայած դեռ 10 օր էլ չկա, ինչ պլատֆորմը գործարկել են, ներկայացնում է նախագծի հեղինակը։
Հովսեփ Պատվականյան (InvestArmenia ընկերության հիմնադիր) - Ունենք ներդրումային առաջարկներ, որ սկսվում են 70 հազար դոլարից, մինչև 20 մլն դոլար, ունենք ոլորտներ՝ տուրիզմ․ վերականգնող էներգետիկա, տեքստիլ:
Ըստ Պատվականյանի, իրենց նպատակը հայաստանյան ընկերություններին արտասահմանի ներդրումային ֆոնդերի հետ կապելն է։ Բավական է գործարարը գրանցվի կայքում, ստուգում անցնի․․․ նրա առաջարկն ավտոմատ ուղարկվում է բազայում եղած հնարավոր ներդրողներին։ Մի քանի օրվա մեջ՝ մոտ 30 կառույցից արձագանքել, կապ են հաստատել իրենց հետաքրքրած տնտեսվարողի հետ։
Հովսեփ Պատվականյան - Մենք երաշխավոր ենք, էսպես ասած, երկու կողմերի հետ, որ տեղական բիզնեսի դեպքում՝ այն ներդրողները որ իրենց հետ կապ են հաստատում, ստուգված են։ Եվ որ ավելի կարևոր է՝ դրսի ներդորղը, որ ուզում է Հայաստանում ներդրում անել, վստահ լինի, որ այս առաջարկի հեղինակը ստուգված է, իրոք կա:
Ստուգված՝ անհրաժեշտ սերտիֆիկատներով կայքը, դրսի մեծածախ գնորդներին ու դիստրիբյուտորներին էլ հուշում է՝ ինչ կարող են արտահանել Հայաստանից։
Հովսեփ Պատվականյան - Ունենք դեղամիջոցներ, զարդեր, դռների համակարգեր, կամ մեր արտահանման կատալոգում կտեսնեք ջեմեր, մեղրեր, օպտիկական սարքեր:
Հաշվի առնելով Գործարարության աջակցման գրասենյակի փորձը, երբ ձեռներեցը հաճախ չի իմանում՝ ո՞ր գործարքի դեպքում ինչպե՞ս և ինչքա՞ն է հարկվելու, կամ ապրանքը ձեռնտո՞ւ է քիչ փաստաթղթեր պահանջող ԵԱՏՄ շուկա արտահանել, թե՞ կարող է Եվրոպայում այն շատ ավելի թանկ վաճառել, investin.am-ը կողմնորոշիչ հաշվիչ է առաջարկում․ մուտքագրած տվյալների հիման վրա այն անվճար, վայրկյանների ընթացքում հուշում է ամենաշահավետ տարբերակները:
Հովսեփ Պատվականյան - Ընտրում ենք մրգեր, ծիրան, ու համակարգը տակը հաշվարկում է ու տալիս, թե որ երկրում ինչ պահանջարկ կա, այս պահին ինչքան է արտահանվում, ու ինչքան ազատ նիշ է մնացել:
Ծրագիրը թույլ է տալիս նաև ճշտել, օրինակ, Հայաստանից դեպի որևէ պետություն ինչի արտահանումն ամենաձեռնտուն կլինի, top-5 ապրանքների ցանկ է տալիս։ Պորտալը մշակել են այնպես, որ հնարավորինս հեշտացնի թե՛ տեղի, թե՛ դրսի բիզնեսմենների գործը։ Հայաստան եկող ներդրողների համար նաև, Երևանի կենտրոնի հին շենքերից մեկը նորոգելով, մի հարկի տակ հավաքել գործարարին հետաքրքրող ֆինանսական տարբեր ծառայություններ։
Արամ Կայֆաջյան (InvestArmenia ընկերության համահիմնադիր) - Ունենք խորհրդատվական ուղղություն, որը տալիս է բիզնես և իրավական խորհրդատվություն: Հիմա նրանք դրսից եկած ընկերությունների համար ստեղծում են ընկերություններ, կատարում են գործողություներ, որ Հայաստանում դա իրավաբանորեն ճիշտ գրանցվի:
Գործարար հանդիպումների համար Կայֆաջյանը բացատրում է՝ Հանրապետության փողոցի, կենտրոնի հյուրանոցներից ու բանկերից մի քանի քայլի վրա գտնվող՝ 1918 թվականի այս շինությունն են ընտրել, որ ոչ միայն հարմար լինի, փող ունեցող, սովորաբար ժամանակի պակասից դժգոհող ներդրողներին, այլև որ տպավորեն հին ու նոր Երևանի համադրությամբ։