ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի այն դիտարկմանը, որ թեև բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ չկար խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջարկած 5 կետերի մասին որևէ հիշատակում, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե խաղաղության բանակցությունների համար հիմնական դեր են խաղալու իրենց 5 սկզբունքները։
«Մի քիչ գուցե ոչ ճշգրիտ, ոչ հաջող և անհասկանալի է ձևակերպված, բայց իրականում խոսքն այն մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները։ Կա կարևոր բանավեճ միջազգային հանրության շրջանում, որը հասել է Հայաստան։ Կա հարցադրում, թե արդյոք խաղաղության օրակարգը կամ հարաբերությունների կարգավորման թեման պե՞տք է լուծի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, թե՞, այնուամենայնիվ, այն պետք է տարանջատվի և դիտվի որպես առանձին հարց: Ադրբեջանն ասում է՝ իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, մենք ասում ենք՝ դա ընդունելի է, քանի որ մեզ համար Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք տարածքային խնդիր չէ, այլ իրավունքի։ ԵՄ նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին` այդ կոնտեքստը, ըստ ամենայնի, ընդգծելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները զարգացնում են օրակարգը, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգից։
«Սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող դիրքորոշում և տեսակետ է. այս ընթացքում պետք է քննարկումներ ունենանք: Ցավոք, ընդդիմադիր մի շարք գործընկերներ հրաժարվում են այդ քննարկումներից։ Քաղաքական այլ շրջանակների և Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե այս ճամփաբաժանին ո՛ր մարտավարական մոտեցումն է ավելի լավը: Ես իմ դիրքորոշումն այդ հարցում ունեմ, բայց, կարծում եմ՝ կկոնկրետանանք ավելի լայն շրջանակների հետ քննարկումներից հետո, և, իհարկե, Արցախի դիրքորոշումը շատ կարևոր և էական է լինելու»,- ասաց Փաշինյանը։
Հարցին, թե խաղաղության բանակցությունները երբ են սկսվելու, վարչապետը պատասխանեց, որ այժմ բանակցություններն ընթանում են ձևաչափի, պարամետրերի մասին, և երկու երկրների ԱԳ նախարարություններն աշխատում են միմյանց հետ: