«Երևան Թեք Ֆորում - 2022» միջոցառման շրջանակում անցկացվեցին նաև պանելային քննարկումներ: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունից:
«Ստարտափ էկոհամակարգի ապագան և ներդրումների ներգրավումը տուրբուլենտության պայմաններում» պանելային քննարկմանը որպես խոսնակ հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ Խոսելով ստարտափ էկոհամակարգի զարգացման մասին՝ Դավիթ Սահակյանը նշել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության մասին, որը հնարավորություններ է ընձեռում բիզնես սկսելու և զարգացնելու համար:
Նախարարի տեղակալն անդրադարձել է ոլորտի ընկերություններին տրամադրվող հարկային արտոնություններին, տեխնոլոգիական տարբեր ուղղություններով իրականացվող կրթական ծրագրերին, ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը, որը ֆինանսական աջակցություն տրամադրելուց բացի՝ հաղթող ճանաչված ընկերությունների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ է իրականացնում:
Դավիթ Սահակյանն ընդգծել է նաև վերջերս գործարկված Relocation to Armenia ուղեցույցի կարևորությունը, որն ամբողջական տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում այլ երկրների քաղաքացիների կողմից ընկերություններ և կազմակերպություններ գրանցելու, տեղափոխելու, գործունեություն սկսելու և իրականացնելու, սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ: