Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։
Կենսաբազմազանության միջազգային օրվա անցկացումը հետապնդում է մի շարք նպատակներ` կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, կենսաբազմազանության պահպանության ոլորտում համայնքային և ազգային մակարդակներում նվաճումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում, նորարարական որոշումների ընդունում, որոնք կմեղմացնեն կորուստների վտանգը:
Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն հարստությունը, որը մենք ունենք։
Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են․
-
անտառահատումները,
-
գյուղատնտեսությունը,
-
կենսառեսուրսների գերօգտագործումը,
-
քաղաքաշինությունը,
-
հանքարդյունաբերությունը,
-
միջավայրի աղտոտումը:
Այս օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկում է կարմիրգրքյան շարք։ Սա մեր փոքրիկ ներդրումն է Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրության և պահպանության գործում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։