«Դիմադրություն» շարժումը Երևանի տարբեր հատվածներում առավոտյան վերսկսել է անհնազանդության ակցիաները: Շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 17-ին օրը պետք է այնքան բազմամարդ լինեն, որ ամբողջ քաղաքը կասեցնեն:
Իշխան Սաղաթելյան - Երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր, այդ օրը առավոտյան ժամը 8:00-ին ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձևավորենք առնվազն 80-100 խմբեր, որոնք առավոտյան 8-ին, թողնելով իրենց գործը, առօրյան, պետք է դուրս գան փողոց:
Երեքշաբթի առավոտյան, սակայն, փակվել էին մի քանի փողոցներ՝ կարճ ժամանակով: Մեքենաներին հաջողվում էր առանց բարդությունների հաղթահարել սակավաթիվ ցուցարարների պատնեշը:
Ընդդիմությունը նաև երթ էր կազմակերպել, որի ընթացքում ոստիկանները պարբերաբար հորդորում էին քայլել մայթերով:
Երթի մասնակիցները որոշ ժամանակով տեղափոխվեցին մայթ, հետո դարձյալ վերադարձան փողոց:
Ժամանակ առ ժամանակ մեծանում էր լարվածությոնը ցուցարարների ու ոստիկանների միջև: Բերման է ենթարկվել 417 անձ, նրանց թվում՝ Թադևոս Ավետիսյանը, Լևոն Քոչարյանը, Արմեն Աշոտյանը, Իգոր Խաչատուրովը, Նաիրա Զոհրաբյանը:
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Խաչատուրովը ձերբակալվել է: Նա ևս փողոց էր փակել: Ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն, ըստ Քննչական կոմիտեի, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել տարածքից: Մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանի կրծքավանդակի շրջանում, ինչի պատճառով նա կորցրել է գիտակցությունը: Պարզվել է, որ ոստիկանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած անձանցից մեկը Իգոր Խաչատուրովն է՝ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին:
Կեսօրից առաջ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները ժամը 11.30-ից դադարեցնելու մասին՝ հրավիրելով Ֆրանսիայի հրապարակում երեկոյան հրավիրված հանրահավաքին: Ասաց՝ համարում է, որ իրենց առջև դրված խնդիր լիարժեք կատարել են, քաղաքացիները փաստեցին, որ իրենք են իրադրության տերը:
Հեղինակ` Աննա Զախարյան